Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը մայիսի 9-ին շքերթներ կանցկացնեն

Ռուսական զորքերը շարունակում են լայնածավալ զորավարժությունները Հայաստանում:

Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը մայիսի 9-ին շքերթներ են անցկացնելու Երևանում և Գյումրիում: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգի մամուլի ծառայությանը: Երևանի «Էրեբունի» օդակայանում է տեղակայված ռուսական ավիաբազան։ Այս օդակայանը Երևանի սահմաններում է և ռուսական ռազմական ինքնաթիռները, փաստորեն, թռիչքներ են կատարում հենց Հայաստանի մայրաքաղաքից: Հարավային օկրուգում ասել են, որ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում առաջին անգամ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու վրայով, մարտական օղակ կազմած, կթռչեն 4-րդ սերնդի ժամանակակից «ՄԻԳ-29» ինքնաթիռները, իսկ ռուսաստանցի 200 զինծառայողներ կմասնակցեն մայրաքաղաքի կենտրոնում անցկացվելիք հանդիսավոր շքերթին:

Ռուս զինվորների ավելի մեծ շքերթ է անցկացվելու Գյումրիում, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմակայանի հիմնական ուժերը: Գյումրիի զինվորական շքերթին մասնակցելու են ավելի քան 800 ռուսաստանցի զինծառայող և մոտավորապես 200 միավոր ռազմական տեխնիկա:

Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեությանը, ապա կարելի է փաստել, որ այս տարվա սկզբից Հայաստանում ռուսական զորքերի զորավարժությունները գրեթե չեն ընդհատվում՝ մի զորավարժությանը հաջորդում է մյուսը:

Այսօր Ալագյազի զորավարժարանում մեկնարկել է ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային մարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցում են ավելի քան հազար զինծառայողներ և մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա:

Մինչև այս զորավարժությունը, ապրիլի սկզբին ռուսական զորքերը լայնածավալ զորավարժություն իրականացրին Հարավային օկրուգի 19 վարժարաններում՝ ներառյալ Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև՝ Հայաստանում:

Ապրիլի 2-ին Հայաստանում տեղակայված ռուսական օդուժը եռօրյա զինավարժություններ անցկացրեց:

Մարտի 30-ից ապրիլի 3-ը Ալագյազի «Կամխուդ» վարժարանում ռուսները հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացրին, որն ավարտվեց 100 կիլոմետրանոց ռազմարշավով:

Մարտի 17-ին «Փամբակ» վարժարանում 300 զինծառայողների մասնակցությամբ հետախուզական ջոկատների վարժանքներ անցկացվեցին:

Մարտի 18-ին հրետանային զորավարժություններ են անցկացրել: 50 հրետանավորներ կրակային վարժություններ են կատարել գիշերվա և ցերեկվա ժամերին՝ օգտագործելով «Գրադ» կայանի 500 հրթիռներ:

Այս տարի Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում անցկացվելու են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զորավարժությունները, որոնք կոչվում են «Անխախտ եղբայրություն 2015» և «Փոխգործակցություն 2015»: