Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Հիմնադիր խորհրդարանի կալանավորված մյուս անդամները խղճի բանտարկյալներ են:
Սեֆիլյան ու նրա համախոհները, հիշեցնեմ, կալանավորվել են ապրիլի 10-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության մեղադրանքով:
«Ես ասեմ եմ, որ ընտրովի արդարադատությունը նաև գործեց վերջերս հենց Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ: Եվ նրան բացատրեցի իմ կարծիքը, որ նրանց ես համարում եմ խղճի բանտարկյալներ», - փոխանցեց Իշխանյանը:
Հայաստան այցելության երկրորդ օրը ԵԽԽՎ-ի նախագահը զրուցեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Զրույցն անցավ անկաշկանդ մթնոլորտում նախաճաշի սեղանի շուրջ:
Հանդիպման մասնակիցներից Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի կարծիքով, վերջին ձերբակալությունների պատճառով ԵԽԽՎ-ի անդամ Հայաստանին մոնիթորինգային նոր փուլ չի սպառնում․ - «Նոր մոնիթորինգի առիթ չեն կարող հանդիսանալ»:
Ավետիք Իշխանյանն ասաց, որ եվրոպացի պաշտոնյային փոխանցել է իր կարծիքը, որ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները համակարգային բնույթ են կրում․ - «Եթե առանձնացված չէ հստակ և օրենսդրորեն դատական իշխանությունը գործադիրից, գործադիրը երբ խախտում է մեր իրավունքները, ընտրությունները կեղծում է, մարդկանց ոստիկանությունում ծեծում է և այլն, և այլն, ո՞վ պետք է պատժի: Նույն իշխանությո՞ւնը․․․ Իհարկե, նա ինքն իրեն չի պատժի: Հայաստանում այդ վիճակն է»:
Սահմանադրական բարեփոխումներից, Իշխանյանի պնդմամբ, չեն զրույցել: Փոխարենը, ինչպես փոխանցեց Դավիթ Շահնազարյանը, խոսել են Հայաստանի ներքաղաքական վիճակից, սոցիալական խնդիրներից, անդրադարձել են անգամ արտագաղթին:
Շահնազարյանը կարծիք է հայտնել, որ Եվրոպան Եվրասիական միությանն անդամակցելու պատճառով չպետք է խաչ քաշի Հայաստանի վրա․ - «Ինչպես նշվեց խոսակցության ընթացքում, Եվրասիական միությունում ո՛չ Եվրոպա կա, ո՛չ Ասիա կա, ո՛չ միություն կա, ո՛չ էլ տնտեսություն կա: Դա զուտ քաղաքականություն է և դա ժամանակավոր երևույթ է։ Դա այն տեղը չէ, այն կառույցը չէ, որտեղ Հայաստանը պետք է լինի: Մասնավորապես նույնիսկ ընդգծեցի, որ հունվարի 1-ից մինչև այսօր եղած տնտեսական բոլոր ցուցանիշները և արտահանումը, ըստ էության, զրո է»:
ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերի այցը Երևան այսօր կավարտվի: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան կհանդիպի նաև Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին: