Համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի արևելքից զենքերի դուրսբերման մասին

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

Բեռլինում Նորմանդական քառյակի հանդիպման արդյունքը հերթական համաձայնությունն է` շփման գծից ծանր հրետանին, ինչպես նաև 100 մմ-ից փոքր տրամաչափի զենքերի դուրսբերումը:

Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը երեկ տևեց ավելի քան 4 ժամ:

Երեկվա համաձայնությունից հետո նորանոր տեղեկություններ են հրապարակվում Ուկրաինայի Արևելքում օդուժի գործադրման վերաբերյալ: Լուրեր կան նաև այն մասին, որ Դոնբասի շրջանում՝ Շիրոկինո գյուղում, որտեղ ակտիվ ռազմական գործողությունները չեն դադարում, ականի պայթյունից վիրավորվել է Zvezda հեռուստաալիքի լրագրողը:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր լրագրողներին փոխանցել է՝ արտգործնախարարները երեկ պայմանավորվել են, որ անհրաժեշտ է ստեղծել 4 աշխատանքային խումբ: Այդ խմբերն, ըստ արտաքին գործերի նախարարի, պետք է կարգավորեն անվտանգության հարցերը, ապստամբների վերահսկողության տարածքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը, ռազմագերիների փոխանակման, Ուկրաինայի արևելքում տնտեսական իրավիճակի բարելավման խնդիրները:

«Մենք պետք է երաշխավորենք, որ հրադադարը պահպանվի հնարավորինս ամբողջությամբ»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

«Բոլորը գիտեն, որ մենք երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասել է Շտայնմայերը, հիշեցրել, որ վերջին օրերի լուրերն Ոկրաինայի Արևելքից շարունակում են վկայել հրադադարի խախտման մասին ու ավելացրել է. - «Մենք պետք է ամեն ինչ անենք գործընթացը շարունակելու համար»:

4 արտգործնախարարներն անցած գիշեր ընդունած համատեղ հայտարարությամբ խորը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտումների առնչությամբ: