Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր աննախադեպ հայտարարությամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին անգամ հիշեցրեց աշխարհին մարդկության դեմ գործած այդ հանցանքի ճանաչման կարևոր նշանակությունը, համոզված են Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները:
«Հարգելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ նա աշխարհին հիշեցնում է, որ այդ զոհերը մոռացված չեն լինելու», - ասում է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Նրա խոսքով, Հռոմի պապի հայտարարությունը հսկայական քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար. - «Մենք ողջունում ենք Պապի հայտարարությունը, որը չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացման համար ողջ աշխարհում: Այն թույլ կտա նաև գրավել Միացյալ Նահանգներում հասարակության ավելի լայն շերտերի ուշադրությունը»:
Նշենք, որ Հայ դատի հանձնախումբը նույնպես ողջունել է Հռոմի պապի հայտարարությունը` անվանելով այն «աննախադեպ պատարագի ընթացքում ասված փայլուն խոսքեր»:
Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ս. Պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց նաև Թուրքիայում: Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարաբերությունների նախարար Վոլքան Բազկիրն ասաց, որ Թուրքիայի կառավարության համար Հռոմի պապի հայտարարությունն անընդունելի է: Սակայն, Թուրքիայի բոլոր բնակիչները չեն, որ համամիտ են նրա հետ:
Այսուն Վայիչ Օլգերի համար Հայոց Ցեղասպանությունը ցավալի վերք է: - «Անձամբ ես ճանաչում են ցեղասպանության փաստը: Ուրախ եմ, որ պապն հայտարարեց դրա մասին, Ի վերջո, եթե նույնիսկ կային քրիստոնյաներ, ում համար դա անորոշ էր, այժմ ամեն ինչ պարզ է», - ասում է նա:
Թուրքիայի բնակիչ Քեմալ Քիլիքն ընդհակառակը, զայրացած է պապի հայտարարությունից. - «Ես դատապարտում եմ այդ հայտարարությունն ու չեմ ընդունում Պապին»:
Հատկանշական է, որ Թուրքիայում գտնվող արտերկրյա զբոսաշրջիկները, որոնք խոսել էին լրագրողների հետ, միանշանակ աջակցությունն են հայտնել Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը:
«Լավ է, որ պապը բարձրացրեց այդ խնդիրը: Ի վերջո, դա պետք է արվեր», - ասում է բրիտանացի Թոմ Դեյվիդսոնը: