Նալբանդյանը մտահոգություն է հայտնել ԼՂ հարցով ԵԽԽՎ-ի զեկուցողի առնչությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Երևան ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:

Զրույցի ընթացքում անդրադառնալով Եվրոպայի խորհրդի դերակատարությանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախաձեռնած հայտարարությանը միացել են վեհաժողովի շուրջ 150 անդամներ։

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշմանը՝ շեշտելով, որ պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձևաչափեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը: Նախարարի խոսքով՝ հարկավոր է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել ընդհանրապես բանակցային գործընթացին։

«Սա վերաբերում է հատկապես այն կարգի զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում՝ Բաքվի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։