Բեռլինում այսօր նախատեսված նորմանդյան քառյակի հերթական հանդիպման նպատակը Ուկրաինայի Արևելքում հրադադարի պայմանավորվածության ամրապնդումն է:
Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ փորձագետների խումբը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում:
ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, այս տեղեկությունը փոխանցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
Բեռլինում նորմանդյան ձևաչափով հանդիպմանն ընդառաջ ուկրաինական բանակի ներկայացուցիչները տեղեկացրել են ռուս անջատականների գործադրած զենքերից ուկրաինացի զինծառայողի սպանության մասին: Ըստ ուկրաինական բանակի տվյալների, ևս վեց զինծառայող վիրավոր է:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը գերմանացի լրագրողների հետ զրույցում ասել է, որ «հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է»։
«Իրավիճակը փխրուն է»,- գնահատել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը և ավելացրել, որ ցանկանում են տեսնել Կիևի ու Մոսկվայի պատրաստակամությունը իրավիճակը կարգավորելու հարցում:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նորմանդյան քառյակի հանդիպմանն ընդառաջ այսօր անհանգստություն է հայտնել Ուկրաինայի արևելքում հրադադարի խախտման դեպքերի կապակցությամբ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը մինչ Բեռլին ժամանելը՝ Բարսելոնայում ասել է.- «Ես և Գերմանիայի արտաքին գործերի նախարարը մտահոգված ենք Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակով»։
Նախարարը նաև ավելացրել է, որ պատրաստվում է գերմանացի իր պաշտոնակցի հետ միասին Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներին հիշեցնել, որ «անհրաժեշտ է հարգել Մինսկի գործընթացը»։
Ուկրաինայի արևելքում իրավիճակին հետևում է ԵԱՀԿ շուրջ 400 դիտորդ:
Դիտորդներն արձանագրել են, որ անցած օրերին կրկին հաճախակի են դարձել ծանր տեխնիկայի գործադրումն ու ռումբերի պայթյունները: Միայն կիրակի օրը դիտորդները Դոնեցկի շրջանում արձանագրել են առավելապես օդուժի գործադրման դեպքեր, հրադադարի ռեժիմի ավելի քան 1100 խախտում: Այսօր Դոնեցկում գրանցել են ականանետի կիրառման դեպքեր: Դիտորդներն առավել սրված իրավիճակի ականատես են եղել Շիրոկինո գյուղում:
Ռուս անջատականները հայտարարել են, թե գերեվարել են ուկրաինացի զինծառայողի, որի կրակոցներից, ըստ ռուսական կողմի, երկու լրագրող է վիրավորվել:
«Անջատականները չեն դադարեցնում կրակը՝ ուկրաինական դիրքերի ուղղությամբ»,- հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ալեքսանդր Մոտուժյանուկը:
Գերմանական մամուլում հրապարակումներ կան, ըստ որոնց ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կրկին պնդում են, որ ռուսական կողմը շարունակում է նոր աջակցություն ցուցաբերել անջատականներին: