Խոշոր չափերով կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ կեղծ թղթադրամների և մետաղադրամների պատրաստման հանգամանքները, եղանակը։
«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Տիգրան Եգանյանը, լինելով ֆինանսական ծանր կացության մեջ, որոշել է իրացման նպատակով պատրաստել 200 և 500 անվանական արժեքով մետաղադրամներ: Ինտերնետից ծանոթանալով պատրաստման եղանակին՝ ձեռք է բերել պղնձե մետաղներ և նմուշամանի մեջ հարվածների միջոցով ստացել կրկնօրինակը: Այդպիսով, պատրաստել և մետաղադրամներն իրացրել է կրպակներում ու երթուղային տաքսիներում», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում. - «2014 թվականի վերջերին, վախենալով, որ հնարավոր է բացահայտվի կատարված հանցագործությունը, Եգանյանը որոշել է այլևս չզբաղվել դրանով: 2015 թվականի մարտի սկզբներին հանդիպել է համածառայակից Տիգրան Ավետյանին: Խոսակցության ընթացքում երկուսն էլ դժգոհել են ֆինանսական վիճակից ու համաձայնություն ձեռք բերել կեղծ թղթադրամներ պատրաստելու և իրացնելու հարցի շուրջ։ Համակարգչի և տպիչ սարքի միջոցով պատրաստվել են 1.000 և 10.000 դրամ անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ»։
Մետաղադրամներ պատրաստելու գործիքներն ու պարագաները, այն համակարգիչն ու տպիչ սարքը, որոնց միջոցով պատրաստվել են կեղծ թղթադրամները, ինչպես նաև 1.000 և10.000 դրամ անվանական արժեքներով կեղծ թղթադրամների տպագրված օրինակները և թղթադրամները կտրելու պարագաներն առգրավված են: Հայտնաբերված թղթադրամների վերաբերյալ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Տիգրան Ավետյանին և Տիգրան Եգանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ խոշոր չափերով կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, ինչի համար սահմանված է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։