«Հիմնադիր խորհրդարան»-ը հռչակագիր ներկայացրեց

Your browser doesn’t support HTML5

Հռչակագրում ՀԽ-ն արձանագրել է՝ «չեն իրագործվել Անկախության հռչակագրի և Սահմանադրության հիմնական նպատակները»:

«Հիմնադիր խորհրդարան»-ի (ՀԽ) անդամների կալանավորումը ամիսներ առաջ սկսված քաղաքական հետապնդումների շարունակությունն է, հայտարարում է ընդդիմադիր շարժումը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Հայկ Գրիգորյանը շարժման առաջնորդների ձերբակալությունները անօրիական է որակում՝ նկատելով՝ պայքարը կանխարգելելու սին փորձեր են: «Բռնադատական գործողություններն այլ բան չեն, քան ծրագրված քաղաքական հետապնդում», - հայտարարեց Գրիգորյանը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանն էլ ասաց. - «Ժիրայր Սեֆիլյանի մեկուսացումը, թե ինչքա՞ն է ազդելու, ես կարծում եմ, որ շատերի մոտ հակառակ ազդեցությունն է դաջվել արդեն՝ մարդիկ որոնք առաջ հեռվից էին համակրում, այսօր ասում են, որ մենք ներկա ենք լինելու»։

Հայկ Գրիգորյանի խոսքով, ապրիլի 10 -ից ի վեր հնարավորություն չեն ունեցել տեսակցել կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին և նրա 4 համախոհներին։ Ասաց՝ հավանական է, որ կալանքի որոշումը կբողոքակեն: «Ւմ ունեցած տեղեկությունները ապրիլի 10-ի դրությամբ են ճիշտ, որովհետև այդ օրը վերջին օրն էր, որ ես տեսել եմ նրանց դատարանում, այդ պահի դրությամբ հացադուլն ուժի մեջ էր Պավել Մանուկյանի, իսկ մնացածը գտնվում էին նորմալ վիճակում, ամեն ինչ նորմալ էր», - ասաց Գրիգորյանը։

Ենիգոմշյանն, իր հերթին հավելեց, որ կան տեղեկություններ, որ Պավել Մանուկյանը դադարեցրել է հացադուլը։

Քաղաքական այս բանտարկությունների դեմ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը հանրահավաք և երթ կանցկացնի Ազատության հրապարակում՝ ապրիլի 17-ին, Ալեք Ենիգոմշյանի խոսքով, քաղաքապետարանն արտոնել է:

«Հանրահավաքի և երթի միտքը, խորհուրդը հետևյալն է՝ համերաշխություն բռնադատվածների հետ, համերաշխություն նրանց մարմնավորած պայքարի հետ, միասին դեպի ազատություն՝ դեպի ազատություն բռնադատվածներին և մեզ բոլորիս», - ասաց Ենիգոմշյանը։

Ապրիլի 24 -ին «100-ամյակն առանց ռեժիմի» հանրահավաքին էլ վճռական են տրամադրված: Ասում են՝ իրենց բոլոր գործողությունները լինելու են Սահմանադրության և օրենքների շրջանակներում, չի կատարվելու որևէ քայլ, որը կարող է վտանգել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները։

«Տեսանելի է, որ գետի այս ափն այս ժողովրդի համար ապրելու մի տեղ չէ, պետք է անցնենք մյուս ափը, և մենք՝ «Հիմնադիր խորհրդարան»-ը առաջնորդվում է այդ գաղափարով, որ գետը պետք է անցնեք, հիմա գետը 24-ից պետք է սկսենք անցնել ու կանցնենք», - ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Էմիլ Աբրահամյանը։

Իսկ թե ինչ է սպասվում իշխանափոխության հասնելուց հետո, «Հիմնադիր խորհրդարան»-ն այսօր ներկայացրեց հռչակագրի տեսքով. նոր որակի պետության ձևավորման և զարգացման մասին փաստաթղթում «Հիմնադիր խորհրդարան»-ը արձանագրում է՝ «չեն իրագործվել Հայաստանի և՛ Սահմանադրության, և՛ անկախության հռչակագրի հիմնական նպատակները: Հայաստանն էլ չի կայացել որպես ժողովրդավարական, ինքնիշխան, մրցունակ պետություն, պետականությանը սպառնացող համակրագային ճգնաժամը խորանում է, ուստի «Հիմնադիր խորհդարան»-ը ազգային ազատագրական պայքարի համար համախմբում է ժողովրդին»։

«ՀԽ-ն, հետևաբար, նախաձեռնում է ազատագրական պայքարի նպատակով համախմբելու և քաղաքացիական անհնազանդության քայլերով ապազգային ռեժիմին հեռացնելու և նոր որակի հայկական պետություն ստեղծելու և զարգացնելու գործընթացի մեկնարկը», - ասաց «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Հայկ Գրիգորյանը։

Նոր որակի պետությունը, ըստ «Հիմնադիր խորհդրարան»-ի, պետք է ունենա ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգ, զարգացնի բանակը՝ սեփական անվտանգությունը ինքնուրույն ապահովելու համար, ապահովի ազգային հարստության արդար և օրինական բաշխումը, բնապահպանական շահը գերադասի տնտեսականից: «Հիմնադիր խորհդրարան»-ն էլ պատրաստվում է իշխանափոխությունից հետո երկու ամսվա ընթացքում պայմանագիր կնքել ընտրողների հետ՝ երկու տարով ստանձնել ղեկավարությունը մինչև նոր, արդար ընտրություններ:

Հարցին, թե ուտոպիստական չե՞ն համարում հռչակագրում դրված նպատակները, «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. - «Ուտոպիստական այնքան ոչ։ Դա մեր ժողովրդի կամքից է կախված. մենք հավատում ենք մեր ժողովրդի հոգևոր և ոգեղեն ուժին»։

Հռչակագրի ներկայացմանը ներկա էր նաև ընդդիմադիր հայացքներով հայտնի դերասան, ռեժիսոր, Երվանդ Մանարյանը, ասաց՝ ցավում է՝ իր ընկերներն՝ այսօր անազատության մեջ են: «Ինձ համար տհաճ է, որ նրանք հիմա ազատության մեջ չեն։ Հասարակարգի խնդիրները լուծելու համար այս կարգի երևույթները միշտ լինում են», - ասաց Մանարյանը։