Գերմանիայի արտգործնախարար. Պուտինը «Մեծ յոթնյակի» հրավեր չի ստանա

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կիրակի օրը «Դի Վելթ» պարբերականում հրապարակված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բավարիայում անցկացվելիք առաջատար արդյունաբերական յոթ պետությունների՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստանալու։

Շտայնմայերը հայտարարել է, որ Ռուսաստանի մեկուսացումը որևէ մեկի շահերից չի բխում, սակայն, նրա խոսքով՝ Ղրիմի անօրինական անեքսիայից հետո «մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել»։

Գերմանիայի արտգործնախարարը հավելել է, թե «Մեծ ութնյակը» վերականգնելու թեման առայժմ փակված կմնա։

«Մեծ յոթնյակի» կազմի մեջ մտնում են Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։