2014-ին սպառազինությունների գնումների ծավալն հիմնականում անփոփոխ է մնացել

Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի մասնաշենքը, արխիվ

Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտը (SIPRI) ապրիլի 13-ին հրապարակել է զենքի և զինամթերքի համաշխարհային շուկայի վերաբերյալ իր տարեկան զեկույցը՝ արձանագրելով, որ սպառազինությունների գնումների ծավալն անցած տարի հիմնականում անփոփոխ է մնացել։

SIPRI զեկույցում նշվում է, որ աշխարհում իրականացված սպառազինությունների գնումների ընդհանուր արժեքը 2014-ին կազմել է 1.8 տրիլիոն ԱՄՆ դոլար, ինչը մոտ 0.4 տոկոսով պակաս է նախորդ՝ 2013 թվականի ցուցանիշից։

Զեկույցի հեղինակները նշում են, որ մինչ Միացյալ Նահանգները և Արևմտյան Եվրոպան պակասեցրել են իրենց ռազմական ծախսերը, Չինաստանը, Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ ընդհակառակը՝ մեծացրել են իրենց ռազմական բյուջեն։

SIPRI-ի ծրագրերի տնօրեն Սամ Պերլո-ֆրիմանը նշել է, որ Ուկրաինայում շարունակվող ճգնաժամը հարկադրել է Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների նույնպես քայլեր ձեռնարկել իրենց արսենալը համալրելու ուղղությամբ։