Անկարան «հիասթափված է» Պապի ուղերձից

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, թե խորապես հիասթափված և վշտացած է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այսօրվա հայտարարություններից։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Պապի հայտարարություններից անմիջապես հետո Անկարայում Վատիկանի դեսպանին հրավիրել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ դժգոհություն հայտնելու։

Հանդիպումից հետո տարածած հայտարարությունում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, թե Պապի այսօրվա ուղերձը հակասում է խաղաղության և երկխոսության իր իսկ կոչին, որով Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հանդես էր եկել նոյեմբերին այդ երկիր այցի ժամանակ։ Նախարարությունը հայտնել է, թե պատրաստվում է պատասխանել Պապի հայտարարություններին։

Թուրքիայի արտգործնախարարությունը նաև «խտրական» է որակել Ֆրանցիսկոս պապի այսօրվա ուղերձը, քանի որ այն, ըստ Անկարայի, հիշատակում է միայն քրիստոնյա հայերի և «ոչ մահմեդականների ու այլ կրոնական խմբերի» տառապանքները։