Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման «պատմական» է որակել Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպումը, որն անցած ավելի քան 50 տարում առաջինն էր երկու երկրների պատմության ընթացքում։
Օբամայի խոսքով՝ երկու երկրների միջև կպահպանվեն տարաձայնությունները, ինքը կշարունակի Կուբայի ղեկավարներին հորդորել` իրագործել ժողովրդավարական բարեփոխումներ և պաշտպանել մարդու իրավունքները, իսկ Կաստրոն կշարունակի քննադատել Ամերիկայի քաղաքականությունը, սակայն, միաժամանակ, ԱՄՆ-ը և Կուբան կարող են վերջ դնել «սառը պատերազմի» դարաշրջանից մնացած առճակատմանը։
Բարաք Օբաման և Ռաուլ Կաստրոն անցյալ տարվա դեկտեմբերին են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին։ Միացյալ Նահանգները և Կուբան մտադիր են վերականգնել 1961 թվականին ընդհատված դիվանագիտական կապերը և վերացնել փոխադարձ առևտրի արգելքները։