ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն ԱՊՀ ՄԽՎ և ՀԱՊԿ ԽՎ նիստերին

ԱՊՀ դրոշը

Ապրիլի 16-17-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենան ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի նիստը, Վեհաժողովի 42-րդ լիագումար նիստը, Վեհաժողովի Սոցիալական քաղաքականության ու մարդու իրավունքների, Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Իրավական հարցերի, Գիտության ու կրթության մշտական հանձնաժողովների, ԱՊՀ-ի երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաև՝ Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ-ի լիագումար նիստերը:

Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վերոնշյալ նիստերին կմասնակցեն Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը, Լևոն Դոխոլյանը, Վահան Բաբայանը:

Ապրիլի 14-17-ը, նույնպես Սանկտ Պետերբուրգում, տեղի կունենան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի, Քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, Սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաև՝ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից Փորձագիտախորհրդատվական և Տեղեկատվավերլուծական իրավական կենտրոնների նիստերը:

Այդ նիստերին կմասնակցեն Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Դավթյանը և Արտաշես Գեղամյանը: