Քարդաշյաններն այցելեցին Գյումրի

Your browser doesn’t support HTML5

Իրենց սպասող գյումրեցի Քարտաշյաններին, սակայն, նրանք այդպես էլ չհանդիպեցին:

Հայաստանում շրջագայող աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շաբաթ օրը այցելեց Գյումրի:

Քարդաշյանի այցին հատկապես սպասում էին Քարտաշյանները, որոնց նախնիները Կարսից Գյումրի են գաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ: Վաղ առավոտից Քարտաշյանների տան բակը մարդաշատ էր․ հավաքվել էին, սեղան գցել ու սպասում էին:

Ամենից շատ ոգևորվել էր 70-ամյա Մարտին Քարտաշյանը: «Բա իհարկե սպասում ենք, անհամբեր, այսինքն՝ շատ կարոտով: Ինձ չեն ասել, բայց տեղեկություն ունեմ, որ պիտի գա մեր տուն: Պատրաստությունը շատ մեծ չէ, ինչ որ կարող ենք՝ էդ էլ կհյուրասիրենք, էլի», - «Ազատությանը» ասաց նա:

Հարցին՝ որքա՞ն ժամանակ է, որ տեղյակ են Քիմ Քարդաշյանի հետ իրենց ազգակցական կապի մասին, Մարտին Քարտաշյանը արձագանքեց․ - «Ես միշտ կոմպյուտերով նայել եմ: Բայց կապ չի եղել, կապ չենք ունեցել»:

Հարևան տանն էլ բնակվում է Քարտաշյանների տոհմից ամենամեծը՝ 82-ամյա Ռաֆիկ Քարտաշյանի ընտանիքը: Ռաֆիկ Քարտաշյանը ցույց էր տալիս իր նախնիների լուսանկարներն ու ասում, որ Քիմ Քարդաշյանը իրենց տոհմից է:

«Ես լսել եմ, «Ֆուտբոլ+»-ի մեջ է եղել իր ազգանունը, առաջին անգամ կարդացել եմ, երևի մի ութը-տաս տարի առաջ է եղել: Իր մասին էդ ժամանակ եմ կարդացել, թե ինքը մոդել է էնտեղ ինչ-որ, հաղորդավարուհի է աշխատում Ամերիկայում: Էդ պահին ենք իմացել էդ մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռաֆիկ Քարտաշյանը:

Հարցին՝ մտածե՞լ են, որ ազգակցական կապ ունեն, նա պատասխանեց․ - «Մտածել ենք, իհարկե, մտածել ենք, բոլորն էլ հարցրել են, թե «Քարդաշյանը ձեր հարազա՞տն է, ո՞վ է, ի՞նչ է», ասել եմ՝ երևի ազգակցական կապեր ենք ունեցել մենք: Շատ են եղել Քարտաշյանները, Արևմտյան Հայաստանից ներգաղթել են Գյումրի քաղաքը»:

Մատնիշյան փողոցում ապրող Քարտաշյաններին, սակայն, Քիմ Քարդաշյանը այդպես էլ այցի չգնաց, փոխարենը՝ այդ նույն թաղամասում մեկ այլ տուն այցելեց: Պարզվեց՝ Մյասնիկյան 143 հասցեում է եղել Քարտաշյանների պապական տունը: Տան փակ դարպասը մի քանի ժամով բացվեց, Քիմ Քարդաշյանի նկարահանումների ավարտից հետո կրկին փակվեց, ու այցելուները առանց որևէ հարցի պատասխանելու հեռացան:

Հարևաններն ասացին, որ տունը նախկին տերերը վաճառել են, նոր տերերին էլ չգիտեն:

Քիմ Քարդաշյանը Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելեց: Մինչ եկեղեցի մուտք գործելը գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանին հաջողվեց գիրք ու փաստաթղթեր փոխանցել նրան: «Ազատության» հարցին, թե ի՞նչ փոխանցեց, Նախշքարյանը պատասխանեց․ - «Քարտաշյանին տվեցի Սևրի պայմանագրին վերաբերող գիրք՝ փաստաթղթերով հանդերձ: Ինքը քանի որ Քարտաշյան ազգանունն էր կրում և Քարտաշյան Վահան մենք ունեցել ենք ժամանակին՝ 20-ական թվականներին, քաղաքական-հասարակական գործիչ, որը կապ է ունեցել՝ ընկերական, թե չգիտեմ ինչպիսի կապ է ունեցել էդ ժամանակ Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնի հետ, իր խնդրանքով, իր ընկերական միջնորդությամբ Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնը գծել է Հայաստանի սահմանները: Սևրի պայմանագիրը, այո: Գիրքը տվեցի, գրքի մեջ կար հենց էդ մասին նշված, որ Վահան Քարտաշյանը իր միջնորդությունն է ունեցել էդ հարցի մեջ»: «Եվ վստահ եմ, որ Քիմ Քարտաշյանը, որ եկել է էսօր Գյումրի ու եկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, ինքը հաստատ կունենա իր ներդրումը նաև, թեկուզ ինչու չէ՝ Ամերիկայի նախագահ՝ էսօրվա նախագահ պարոն Օբամային գոնե ինչ-որ կերպ ցույց տալու, որ «տես՝ ժամանակին մենք էսպես մարդիկ ենք ունեցել, որ ձեր նախորդների հետ համագործակցել են»: Մի խոսքով, ինքը արդեն կորոշի», - ասաց բլոգերը:

Եկեղեցու ներսում մի քանի կադրեր նկարահանելուց հետո մեզ արգելվեց շարունակել նկարահանումն ու դուրս հրավիրեցին, եկեղեցու դռներն էլ փակվեցին:

Քիչ անց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը եկավ եկեղեցի՝ ժամերգության, և երբ տեսավ, որ անվտանգության աշխատակիցները «կարմիր բերետավորների» հետ փակել են եկեղեցու դռները, խիստ բարկացավ ու անձամբ բացեց դռները: «Ա՛յ տղա, դու ո՞վ ես, որ եկեղեցու դուռը փակես, հիմա՛ր, ապո՛ւշ», - վրդովված ասաց նա:

Սրբազանի մուտք գործելուց հետո Քիմ Քարդաշյանի նկարահանումն ընդհատվեց, ու նրանք շատ արագ դուրս եկան եկեղեցուց:

Մոտ երեք ժամ Գյումրիում մնալուց հետո Քիմ Քարդաշյանը ամուսնու, դստեր, ինչպես նաև քրոջ ու զարմիկների հետ վերադարձավ Երևան: