Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները սկսել են գործնական քայլեր կատարել գազային ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում տեղ գտած խնդիրների լուծման առումով:
Հայ ազգային կոնգրեսի հինգ պատգամավորները շրջանառության մեջ են դրել Ազգային ժողովի որոշման նախագիծ, որի ընդունվելու դեպքում խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը պետք է ուղարկվի դատախազություն՝ չարաշահումների փաստերով քրեական գործեր հարուցելու և մեղավորներին պատժելու նպատակով:
«Կան ակնհայտ խախտումներ, չարաշահումներ։ Եթե ցանկություն լինի, հենց դրանց հիման վրա էլ կարելի է և պատժել մարդկանց, և նաև սակագնի իջեցման հարցը դնել»,- ասում է Մանուկյանը։
Ազգային ժողովի որոշման նախագծով ՀԱԿ-ի պատգամավորները առաջարկում են նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ուսումնասիրել գազային ժամանակավոր հանձնաժողովի բացահայտած թերություններն ու երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանին ներկայացել, թե ինչպես են պատրաստվում շտկել դրանք ու նաև սակագինն իջեցնել:
Մանուկյանն ասում է՝ հարցը պետք է քննարկել, արդյունքում կարող է շահել և սպառողը, և «Գազպրոմ»-ը.- «Ես հիմա առավել քան համոզված եմ, որ կա այդ հնարավորությունը իջեցնելու, և դա ամենևին չի վնասելու ոչ շահույթին, ոչ իրենց ներդրումներին, այլ հակառակը, կարծում եմ, որ մինչև 30-40 դոլար իջեցնելու սահմաններում սպառողների թիվը կավելանա»։
Գազային հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատախազություն դիմելու հարցը քննարկում է նաև «Ժառանգությունը»։ Խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասում է՝ կամ ԱԺ-ի ղեկավարությանը կդիմեն, որ խորհրդարանի անունից եզրակացությունը Գևորգ Կոստանյանին ուղարկվի, կամ առանձին փաստերով իրենք պատկան մարմիններին կդիմեն։ Հակոբյանի խոսքով՝ սխալ կլինի ժամանակավոր հանձնաժողովի ծավալուն զեկույցը միայն ի գիտություն ընդունելը և անցնել առաջը։
Դաշնակցություն խմբակցությունը ևս այսօր շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշման նախագիծ, որով տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կտրվի մոնիտորինգ իրականացնելու հանձնարարություն: Խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հորդորում է սրերով չընդունել մոնիտորինգի գաղափարը և խոստանում՝ ծանր դրության մեջ չեն դնի որևէ կողմի։
«Առանց որևէ թշնամի կամ մեղավոր կողմ փնտրելու մեր գլխավոր խնդիրը պետք է համարենք երկրում էներգետիկ համակարգի անվտանգության աստիճանը բարձրացնելը, սպառողների շահերը լիարժեք պաշտպանելը, գազամատակարարման համակարգի զարգացումը։ Սրանք ապահովելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ»,- ասաց Մինասյանը։
«Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանն ասում է՝ այս եզրակացությամբ արդեն պաշտոնական փաստաթղթի ձևով են ներկայացվում ոլորտի խնդիրները, յուրաքանչյուրն ազատ է այդ հարթակը օգտագործել փոփոխությունների հասնելու համար։
«Պետությունը, սպառողը չպետք է տուժեն, և հայկական ապրանքները պետք է մրցունակ լինեն։ Եթե մենք անընդհատ փորձենք գազը և էլեկտրաէներգիան թանկացնել, մեր ապրանքը և ծառայությունները ընդհանրապես մրցունակ չեն լինի»,- ասում է Մելքումյանը։
Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ, գազային հանձնաժողովի անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ասում է՝ գոհ է եզրակացությունից, հանձնաժողովը շատ լավ է աշխատել, վեր է հանել նաև կոռուպցիոն ռիսկեր, կարող էր դա էլ չանել։
«Այնտեղ բաներ կային, որ հանձնաժողովի անդամները խորացել էին, որոնք իջնում են դեպի կոռուպցիա, դեպի կորուստների հիմքերը։ Կարող էր հանձնաժողովը այդքանն էլ չաներ, բայց կար ցանկությունը իշխանությունների կողմից, նախագահի կողմից, որ ուսումնասիրվեր գլոբալ, մինչև վերջ»,- ասաց պատգամավորը։
Ալեքսանյանի խոսքով, սակայն, կոռուպցիոն ռիսկերը վերևներում չեն.- «Ամեն ինչ պետք չէ կապել գլխի հետ՝ ռուսների հետ, իշխանությունների հետ»։