Պաշտպանության նախարարությունը հակադարձում է բանակում տիրող ամենաթողության մասին իրավապաշտպանների պնդումներին:
Պատասխանելով բանակում տիրող ամենաթողության մասին իրավապաշտպանների պնդումներին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հակադարձում է․ - «Այսօր Զինված ուժերում առկա բացասական երևույթները հիմնականում պայմանավորված են պատերազմական վիճակով»:
Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ բանավեճում պնդեց՝ Զինված ուժերում մահացության դեպքերի 99 տոկոսը ուղիղ կապ ունի պատերազմական վիճակի հետ:
«Եթե անգամ մայորը տնից գնում է զորամաս և ճանապարհին ավտովթարից մահանում է, եթե թիկունքում եղած զորամասը ունի ինքնասպանության դեպք՝ զինծառայության հետ ուղիղ կապ ունեցող, սա ուղիղ կապ ունի պատերազմի հետ: Հակառակորդի գնդակի հետ կարող է կապ չունի հակառակորդի, բայց ուղիղ կապ ունի պատերազմի հետ, որովհետև ռազմական ռեժիմի խստացման հետևանքով, ինչը պատերազմն է թելադրել, առաջացել է այդ պատճառը, որ դիցուք՝ մայորը շտապել է, որ գնա այդ տեղը՝ մահացել է», - օրինակ բերեց Հովհաննիսյանը:
Թեժ բանավեճին ներկա իրավապաշտպանները շտապեցին հակադարձել: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը, մասնավորապես, ասաց․ - «Կապել ամեն ինչ պատերազմի հետ ուղղակի անհեթեթություն է»:
Հովհաննիսյանը հակաճառեց․ - «Նորից ծայրահեղացրեցիք: Ձեզ թվաց, թե ես որ ասում եմ պատերազմի հետ կապ ունի՝ մենք փորձում ենք արդարացնել»:
«Խաղաղության երկխոսություն» կազմակերպության ներկայացուցիչ Արտաշես Սերգոյանի բերած օրինակի պարագայում ևս Հովհաննիսյանը պնդեց իր տեսակետը։
«Ասկերանի զորամասում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանը, ով զորակոչվել էր 2010 թվականին, ում զինվորական գրքույկը գցել էին զուգարան ու դրանից հետո իրեն ծեծել էին, ինքը խելագարվել էր, ու որը զորացրվելուց հետո մահացավ: Այս դեպքում ինձ համար պարզ չէ, թե ինչ կապ ունի պատերազմի հետ, պատերազմական իրավիճակի հետ», - նշեց Սերգոյանը:
«Եթե դուք չեք ուզում ընդունել, դա այլ հարց է: Բայց, երբ ես ասում եմ՝ մարտական ծառայության լարումը ուղիղ կապ ունի պատերազմի հետ, դա այլ հարց է», — հակադարձեց Հովհաննիսյանը:
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք բանակում Լյուքս Ստեփանյանի սպանության, Արտակ Նազարյանի ինքնասպանության կամ էլ անցած հունվարին Ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության դեպքերը ևս կապ ունեն պատերազմական վիճակի հետ, Հովհաննիսյանը՝ արձագանքեց․ - «Ձեր առաջին երկու օրինակն էլ շատ ուղիղ կապ ունեն, որովհետև երկու գնդերն էլ մարտական խնդիր են կատարել դիրքում»:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը իր տեսակետը այսպես հիմնավորեց՝ եթե չլիներ պատերազմական վիճակ, Հայաստանը մեծ բանակ չէր պահի, հետևաբար զորակոչի խնդիրներն ավելի հեշտ կլիներ լուծել, սպաներին և զինծառայողներին հատկացվող գումարները կլինեին ավելի շատ, բուժսպասարկումը կլիներ ավելի արդյունավետ, կարգապահական խնդիրները քիչ կլինեին: Չնայած սրան, պաշտպանության նախարարության ղեկավարության պատասխանատվությունը չի նվազում, և նախարարը բազմիցս է հայտարարել այդ մասին, շարունակեց Հովհաննիսյանը։
«Երբեք նման բան ոչ մեկը թող չկարծի, որ Պաշտպանության նախարարությունը իր վրայից պատասխանատվությունը հանում է: Նույն բերված օրինակների դեպքում 30-40 սպաների գործից ազատվելը պատասխանատվության ուղիղ օրինակն է», - հայտարարեց նա:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը, սակայն, հայտարարեց․ - «Միայն գործից ազատելը չի նշանակում, որ պատասխանատուները պատիժ են կրել, որովհետև արդեն դա սովորություն է, երբ ինչ-որ մի բան տեղի է ունենում, ուղղակի սպաներին ազատելով թվում է, թե խնդիրը լուծել են»:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2013 թվականի համեմատ՝ 2014-ին կարգապահական խնդիրների հետևանքով ծագած հանցագործությունները նվազել են 60 տոկոսով։ Իրավապաշտպանները, մինչդեռ, պնդում են, անցած տարիներին բանակում էական բարեփոխումներ չեն արվել և չեն արվում՝ քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Քննադատության հնչեց նաև հակառակորդի գնդակից ծանր վիրավորված և մինչ այժմ անկողնուն գամված Գևորգ Եղիազարյանին բուժման ուղարկելու հարցով: Եղիազարյանի հարազատները պնդում են, թե 23-ամյա երիտասարդի առողջական վիճակը կարող է բարելավվել, եթե նախարարությունը օգնի՝ 56 հազար դոլարով բուժում ստանալ Իսրայելում։ Պաշտպանության նախարարության խոսնակը կրկին պնդեց՝ գումար չկա, իրենք էլ հնարավորության դեպքում միշտ օգնել և օգնում են վիրավոր զինծառայողներին։