ԼՂ ՊԲ․ Դժբախտ պատահարի արդյունքում զինվոր է մահացել

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները վարժանքների ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացել է 19-ամյա զինծառայող Արթուր Անդրանիկի Առաքելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Արթուր Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում:

Հայաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Արթուր Առաքելյանը մահացել է երեկ ժամը 19:40-ի սահմաններում Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, ուր տեղափոխվել էր ապրիլի 5-ի ժամը 17:45-ին՝ բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը վնասվածքն ստացել էր կիրակի օրը ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ, ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր։