Քիմ Քարդաշյան. «Երախտապարտ ենք բոլոր մեզ դիմավորողներին»

Your browser doesn’t support HTML5

Քարդաշյանն առաջին գրառումներն է արել Հայաստանի և հայերի մասին Twitter-ում և Instagram-ում` հարյուր հազարավոր «լայքեր» հավաքելով

Ապրիլի 8-ին` ուշ երեկոյան, Երևան ժամանեց հանրահայտ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ամուսնու՝ հայտնի երգիչ Քանյե Ուեսթի, դստեր և քրոջ՝ Քլոյեի հետ։

«Մարիոթ» հյուրանոցի առջև նրանց դիմավորեցին բազմաթիվ երկրպագուները։

«Հայաստա՛ն, մենք եկանք: Անչափ երջանիկ ենք այստեղ լինելու և մեր կյանքի ամենակարևոր այս ճանապարհորդությունը սկսելու համար: Երախտապարտ ենք բոլոր մեզ դիմավորողներին: Անհամբեր սպասում եմ մեր երկրին ծանոթանալուն և համեղ ուտեստները փորձակելուն», - Instagram-ի իր էջում գրել է Քարդաշյանն ու այն պիտակել` #Իմ հայրը և նրա ծնողները այնքա՜ն հպարտ կլինեին (#MyDadAndGrandParentsWouldBeSoProud)

Հարյուր հարզարավոր «լայքեր» հավաքած մեկ այլ գրառման մեջ էլ Քիմ Քարդաշյանն ասում է. - «Իմ ամուսինը և դուստրը նույնպես եկել են Հայաստան` իմ նախնիների ժառանգությունը տեսնելու և նրանց մասին ավելին իմանալու համար: Եկել են նաև իմ զարմուհիները: Այնքան հուզված եմ, որ չեմ կարողանում քնել»:

«Անասելի գեղեցիկ է այն սերը և հյուրընկալությունը, որով մեզ դիմավորեցին Հայաստանում: Անկեղծ եմ ասում` հավատս չի գալիս, որ դուք` բոլոր այդ Հրեշտակներդ, մեզ համար եք հավաքվել մեր հյուրանոցի մոտ` ծաղիկներով ու ժպիտներով: Մեծ ցանկություն ունեմ Հայաստանը ցերեկային լույսով տեսնելու` մի քիչ քնելուց հետո: Հույս ունեմ, որ կկարողանամ քնել: Ես անչափ հուզված եմ, որ այստեղ եմ», - իր հերթին գրել է Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոյե Քարդաշյանը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմը Հայաստան է գալիս իր արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու համար: Առիթն էլ Ցեղասպանության 100-րդ տարելիցն է:

Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու` հայտնի ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթի այցը Հայաստան արդեն իսկ հայտնվել է ամերիկյան և բրիտանական հեղինակավոր այնպիսի լրատվամիջոցների էջերին, ինչպիսին են USA Today, ABC News, CBS News, Guardian, Daily Mail, The Telegraph: Բոլոր այդ լրատվամիջոցներում Քարդաշյանի այցի կապակցությամբ հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

34-ամյա Քարդաշյանի ամեն քայլն ու խոսքը րոպեների ընթացքում համացանցում հարյուր հազարավոր դիտումներ է հավաքում:

Մինչ այս պահը խիստ գաղտնի էր պահվում, թե հստակ երբ է Քիմ Քարդաշյանը Երևան գալու, որ հյուրանոցում է բնակվելու և որքան է Հայաստանում մնալու:​

Միջազգային լրատվամիջոցներից Daily Mail-ը վերջերս Քիմ Քարդաշյանի նախնիների վերաբերյալ հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե ժամանակին նրանք եղել են Քարդաշովներ, Հայ Առաքելական եկեղեցուն հետևորդ չեն եղել և կրոնական հալածանքների են ենթարկվել: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Քարդաշյանները ապրել են երկու բնակավայրերում՝ Կարսում և Կարինում:

«Քարդաշյանի պապն Ամերիկա է տեղափոխվել մինչև Ցեղասպանությունը, մյուսները, ովքեր մնացել են և փրկվել սպանդից, ապաստանել են Գյումրիում», - հայտնել է Ամատունին:

Ազգային արխիվի տնօրենի տվյալներով՝ Քիմի ներկայացուցիչները այցելել են Գյումրիում բնակվող Քարտաշյանների հեռավոր ազգականներին՝ ֆիլմ նկարահանելու նպատակով: