ՀԿ-ների մասին բարեփոխված օրինագիծը պատրաստ է ԱԺ ներկայացվելու

«Հույսի կամուրջ» հկ-ի ֆլեշմոբ երևանում, արխիվ

Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը հանրային լսումներից հետո պատրաստ է Ազգային Ժողով մուտք գործելուն։ Այսօր նախագծի վերջին հանրային քննարկման ժամանակ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշում էին, որ Արդարադատության նախարարության կողմից էապես բարեփոխված նախագիծը դեռ թերություններ ունի։ Թեև հասարակական կազմակերպությունների գլխավոր պահանջը հաշվի է առնվել և միայն պետական ֆինանսավորում ունեցող կազմակեպությունները հաշվետու կլինեն պետական մարմինների առաջ, բայց առկա է պարտադիր աուդիտ անցկացնելու պահանջը։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը քննարկման ժամանակ նշեց, որ տարեկան 10 միլիոն դրամից ավել շրջանառություն ունեցող հկ-ների աջառ դրված այս պահանջը ֆինանսական ծանր բեռ է։

«Գործընթացին մասնակցող միջազգային փորձագետների կարծիքով 10 միլիոնը ցածր է՝ հաշվի առնելով Հայաստնում աուդիտի բարձր գները։ Սա թանկ կարժենա կազմակերպությունների համար և մասնավորապես հենց պետության և համայնքների բյուջեների համար, որովհետև ամենայն հավանականությամբ հենց այդ բյուջեներից կարող են տրամադվել աուդիտի հետ կապված ծախսերը։ Առաջարկվում է վերանայել 10 միլիոնի շեմը», - ասաց Այվազյանը։

Հասարակական կազմակերպությունը սահմանափակ դեպքերում է իրավասու դատարան դիմել։ Նշվում են կոնկրետ ոլորտներ՝ բնապահպանություն և մշակութային արժեքների պահպանություն։ Հակառակի դեպքում ավելի մեծ իրավասություններ են տրված։

Հասարակական կազմակերպության կատարած խախտումների դեպքում կառավարությունը կարող է դիմել դատարան այն լուծարելու պահանջով։

«Ազատության» այն հարցին, թե արդյոք սա չարաշահումների տեղիք չի տա, Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ դրույթը դեռ կվերանայվի։

«Լուծարմանը վերաբերող դրույթները դեռևս կվերանայվեն մեր կողմից։ Միգուցե մենք ընտրենք երկու ճանապարհ։ Առաջին միջամտությունը գործունեության հնարավոր կասեցումն է և հետո վերսկսելու հնարավորությունը, երկրորդը որպես ծայրագույն ծանր միջոց լուծարման դիմելու պահանջն է», - ընդգծեց Մկրտչյանը։

Կազմակերպությունները նաև պարտավոր են իրենց ներքին որոշումները էլեկտրոնային տեսքով հրապարակել, որը, ըստ հկ-ների ներկայացուցիչների, ևս ավելորդ վերահսկողություն է։ Այս և մտահոգիչ այլ դրույթների վերաձևակերպումից հետո նախագիծը կքննարկվի Ազգային Ժողովում։ Հաշվի կառնվի նաև գործընթացին ներգրավված միջազգային փորձագետների կարծիքը։

Եթե նախագիծն օրենքի ուժ ստանա, ապա այն հասարակական կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանի դրան, կլուծարվեն և կարող են վերագրանցվել միայն համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո։

Եթե ցանկանում ենք սանկցիա կիրառել, որ համապատասխանեցնեն, կարող է ոչ թե լուծարելու մասին խոսք գնա, այլ ենթադրենք կազմակերպության գործունեությունը սառեցնելու։ Եթե երկու տարվա ընթացքում կազմակերպությունը չի համապատասխանեցնում իր կանոնադրությունը սառեցրեք դրա գործունեությունը մինչև կհամապատասխանեցնի», - ասաց Տաճատ Սարգսյանը։