Մարդու իրավունքները՝ Սերժ Սարգսյանի երկրորդ երդումից երկու տարի անց

Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ երդմնակալության արարողությունը, Երևան, 9-ը ապրիլի, 2015թ․

Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, Սերժ Սարգսյանը, չնայած երդմանը, չի ապահովել մարդու իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները:

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ ձեռքը դրեց Սահմանադրության մայր օրինակի և 7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա, երդվեց «անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները»։

Իրավապաշտպանները պնդում են, որ Սերժ Սարգսյանի երկրորդ երդումից երկու տարի անց էլ Հայաստանը հետընթաց է արձանագրել մարդու իրավունքների ոլորտում:

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ Հայաստանը հետընթաց է արձանագրել մարդու իրավունքների բնագավառում։ Մենք աստիճանաբար նմանվում ենք այնպիսի երկրներին, ինչպիսին Ադրբեջանն է, ինչպիսին միջինասիական հանրապետություններն են՝ նախկին ​սովետմիության տարածքից: Մեզ աշխարհն արդեն դիտարկում է որպես երկիր, որտեղ մարդու իրավունքների խախտումները համատարած բնույթ են կրում: Այս իմաստով, Սերժ Սարգսյանը որևէ ձեռքբերում նշել չի կարող, և մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, նույնպես պետք է արձանագրենք այս հանգամանքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Նա համեմատեց Սերժ Սարգսյանի 2008 և 2013 թվականների նախագահության տարիներն ու 2013 թվականից հետո Հայաստանում սահմանադրական իրավունքների ապահովման մակարդակը:

«Մարդու իրավունքների, ազատությունների իմաստով Սերժ Սարգսյանի բախտը երևի թե չի բերել, որովհետև առաջին երդմնակալության օրը համընկավ Մարտի 1-ի զոհերի քառասունքի օրվա հետ. Սերժ Սարգսյանը իշխանության ղեկը ստանձնեց մարդասպանության՝ Մարտի 1-ի սպանությունների արդյունքում, քաղաքական հսկայական, մեծ հալածանքների արդյունքում, մեր բանտերում նա ժառանգություն ստացավ մեծ քանակությամբ քաղբանտարկյալներ: Դեռ չէր հասցրել ձերբազատվել քաղբանտարկյալներից, դեռ չէր հասցրել միջազգային հանրության, ներսի, քաղաքացիական ճնշումների արդյունքում ազատվել այդ բեռից, եկավ նոր ժամկետը, առաջ եկան նոր քաղբանտարկյալներ, որոնք արդեն անձամբ իր հրահանգով են կալանավորվել՝ Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ, այսօր՝ Ժիրայր Սեֆիլյանն իր ընկերների հետ, և դեռ չգիտենք՝ ինչ կլինի վաղը կամ մյուս օրը», - ասաց Հարությունյանը:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ պիտի անի հանրությունը, երբ նախագահի երդման տեքստն ու իրականությունը, իր գնահատմամբ, կապ չունեն մեկը մյուսի հետ, իրավապաշտպանը պատասխանեց. - «Երդման տեքստերը չեն փոխվում, օրենքները, կարգերը չեն փոխվում, Մարդու իրավունքների հռչակագիրը չի փոխվում, բոլոր նախագահների խոստումները, որ իրենք հավատարիմ են մնալու միջազգային նորմերին և մարդու իրավունքների հռչակագիրներին, չեն փոխվում, ուղղակի փոխվում է քաղաքական կամք ունենալ-չունենալու հանգամանքը: Ես չգիտեմ՝ երդում տալու պահին կամ երդում տալուց ժամեր առաջ Սերժ Սարգսյանը ինչ էր մտածում, բայց որ երդում տալուց հետո նա քաղաքական կամք չի դրսևորել, և Հայաստանի Հանրապետությունը չի կարող հաջողություն գրանցել մարդու իրավունքների բնագավառում՝ դա ակնհայտ է»:

Այս իրավիճակի շտկման հարցում, ըստ Վարդան Հարությունյանի, մեծ է հանրության դերը։ «Պետք է ճնշումներով հասնենք նրան, որ Հայաստանի Հանրապետությունն ունենա իշխանություն, որը հավատարիմ կմնա և՛ երկրի Սահմանադրությանը, և՛ միջազգային նորմերին, և՛ սեփական երդմանը», - ասաց իրավապաշտպանը: