Հունաստանի վարչապետը հանդիպել է Պուտինի հետ

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրաս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում բանակցություններ է վարել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ՝ նպատակ ունենալով զարկ տալ երկկողմ տնտեսական համագործակցությանը, ներդրումներին և առևտրային հարաբերություններին:

Եվրամիության անդամ Հունաստանի՝ սնանկացման եզրին կանգնած կառավարությունը ջանքեր է գործադրում Եվրամիությունից, ինչպես նաև միջազգային դոնորներից և գործընկերներից տնտեսական աջակցություն կորզելու ուղղությամբ, և նրա այցը Մոսկվա այժմ, երբ Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ Ղրիմի բռնակցման և ուկրաինական ճգնաժամի հետ կապված, որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդում: Միևնույն ժամանակ, այն փաստը, որ Կրեմլը նմանօրինակ բանակցություններ է վարում Աթենքի հետ, դիտվում է որպես Պուտինի կողմից Եվրամիության ներսում անհամաձայնություն սերմանելու փորձ: