Հարավային Կարոլինայում սպանության մեղադրանք է առաջադրվել ոստիկանին

ԱՄՆ, Հարավային Կարոլինա - Հրապարակված տեսանյութի այն դրվագը, որում ոստիկանը կրակում է քաղաքացու թիկունքից

Բջջայինով նկարահանված տեսանյութը փոխել է իրավապահների մտադրությունը:

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի ոստիկանության ծառայողին մեղադրանք է առաջադրվել անզեն քաղաքացուն թիկունքից կրակելով սպանելու համար: Մեղադրանք առաջադրելու հիմքը դեպքի վայրում մեկ այլ քաղաքացու՝ բջջային հեռախոսով կատարած նկարահանումներն են:

Սևամորթ քաղաքացի Ուոլթեր Լամփեր Սքոթը սպանվել է ապրիլի 4-ին:

Սպիտակամորթ ոստիկան Մայքլ Սլեյջերը ձերբակալվել է երեքշաբթի օրը, երբ սոցիալական ցանցերում և բազմաթիվ լրատվամիջոցներում հրապարակվել էր սպանության տեսանյութը:

Հետաքննիչները հայտարարել են, որ Սքոթը մարտական ատրճանակով սպանվել է այն բանից հետո, երբ ոստիկանը քաղաքացու նկատմամբ արդեն գործադրել էր էլեկտրաշոկ:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը որոշել է հետաքննություն իրականացնել այս գործով՝ ոստիկանական համակարգի թերությունները վերացնելու նպատակով:

«Եթե դու ճիշտ չես, ուրեմն ճիշտ չես»,- հայտարարել է Հարավային Կարոլինայի քաղաքապետ Քիթ Սամեյը` մեկնաբանելով ոստիկանի ձերբակալությունը: - «Եթե դուք կայացնում եք ոչ ճիշտ որոշում, ինձ համար բնավ կարևոր չէ՝ ունե՞ք ոստիկանական վահան, կամ պարզապես անցո՞րդ եք․․․ Դուք պետք է կրեք ձեր որոշման հետևանքների պատասխանատվությունը»:

Տեղական լրատվամիջոցները, փոխանցելով սպանությանը նախորդած իրավիճակի մանրամասները, գրում են, որ ոստիկանը նախ կանգնեցրել է քաղաքացուն, որի ավտոմեքենայի հետևի լուսարձակը ջարդված է եղել, դրանից հետո սկսվել է վեճ, քաղաքացին դիմել է փախուստի, ոստիկանը կրակել է:

Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ Միացյալ Նահանգներում ոստիկաններն ամեն տարի սպանում են հարյուրավոր մարդկանց, սակայն երբ քաղաքացիները համոզիչ փաստարկները դարձնում են հրապարակային, իրավապահները ստիպված են լինում հանրային ճնշման պայմաններում պատժել լիազորություններն անցած և օրենքը ոտնահարած գործընկերներին: