«Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրու համակարգողի տանը նռնակ է հայտնաբերվել

Այսօր առավոտյան «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրու գրասենյակի համակարգող Արամ Հակոբյանի տանն իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է փաթեթավորված նռնակ:

Հակոբյանի տնից, ըստ հարազատների, առգրավվել են համակարգիչները և հեռախոսներ: Մի քանի ժամ շարունակ «Հիմնադիր խորհրդարան»-ի մարզային գրասենյակում ոստիկանները իրականացրել են խուզարկություն: Այնուհետև գրասենյակի ղեկավարին տեղափոխել են Երևան:

Քննչական կոմիտեից հաստատում են Արամ Հակոբյանի ձերբակալման մասին տեղեկությունները:

«Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ։ Օրենքով սահմանված կարգով վերջինիս պարզաբանվել են իր իրավունքները, և նա ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան։ Ա. Հակոբյանի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նախաքննությունը շարունակվում է», - մասնավորապես ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։