Ժիրայր Սեֆիլյանը և «Հիմնադիր խորհրդարան»-ի ևս 4 անդամներ ձերբակալված են

Your browser doesn’t support HTML5

Սեֆիլյանից բացի, ճաղերի հետևում են նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը և Գարեգին Չուգասզյանը։

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ 4 համախոհների հետ ձերբակալված է՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով։

Ժիրայր Սեֆիլյանի բնակարան իրավապահները վաղ առավոտյան էին գնացել, կնոջ՝ Նանորի խոսքով, խուզարկել են բնակարանը, զենք-զինամթերք են փնտրել։

«Տունը խուզարկեցին, իհարկե մենք զենք չունենք տանը: Դանակ գտան, Ժիրայրի զինվորական վեշերը գտան՝ էն տարիների իր ուսապարկը, իր ջրամանը և մի հատ փոքր դանակ, էդ որ մեկը նվիրել էր իրեն, տարան: Դուբինկա մի հատ, դա տարան», - պատմեց Նանոր Սեֆիլյանը:

Խուզարկություններ են իրականացվել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար կազմի մյուս անդամների բնակարաններում։ Վաղ առավոտյան 7-ից տասնյակ ոստիկաններ շրջափակել էին «Հիմնադիր խորհրդարան»-ի գլխավոր գրասենյակը, ԱԱԾ և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում, իսկ ոստիկանությունը հսկում էր շենքի մուտքը։ Ժամեր շարունակ իրավապահները որևէ բառ չէին հաղորդում գործողությունների ու դրանց նպատակի մասին, շենքի շուրջը հավաքվող ակտիվիստների խումբը հետզհետե մեծանում էր:

Մոտ 7 ժամ տևած խուզարկության արդյունքում ի վերջո իրավապահները «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակից մի շարք իրեր առգրավեցին։ Դրսում հավաքված քաղաքացիները հեգնական ծափողջույններով արձագանքեցին։

Տեղում իրավապահների գործողությունները համակարգող Քննչական կոմիտեի ավագ քննիչ Ռոման Սարդարյանն ասաց, որ խուզարկությունն իրականացվել է զանգվածային անկարգությունների հարցով հարուցված քրեական գործի շրջանակներում: «Ազատության» հարցին էլ, թե գտել են արդյոք վտանգավոր իրեր, Սարդարյանը պատասխանեց․ - «Էն, ինչ որ գտել եմ, ես իրավունք չունեմ հրապարակելու»:

Խուզարկությանը ներկա «Հիմնադիր խորհրդարան»-ից Տիգրան Բոյաջյանի խոսքով, իրավապահները զենք-զինամթերք չեն առգրավել, փոխարենը տարել են համակարգիչներ, դրոշներ ու պաստառներ։

«Ոչ մի զենք, ընդամենը մի քանի թղթեր: Մեր պայմանագրերը, մեր ծանուցումները, մի խոսքով, ամեն ինչ տարան», - ասաց Բոյաջյանը:

«Հիմնադիր խորհդարան»-ի մի քանի անդամներից բացի 7 ժամ շարունակ խուզարկության ընթացքում, շենքում էր նաև անչափահաս Հովհաննես Հարությունյանը, ում, ինչպես ինքն ասաց, իրավապահները թույլ չեն տվել շենքից դուրս գալ։

«Ես բազմիցս նշեցի, որ պետք է գնամ, պարոն քննիչին, ինքը անընդհատ ասում էր՝ հա, հա: Եվ երբ ինձ արդեն ձայն էին տալիս դրսից, մոտեցա իրեն ասեցի, ինքը զանգեց ոմն պարոն Գրիգորյանի, ճշտեց, որ դուրս գամ», - ասաց Հովհաննեսը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի պատգամավոր Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ իրադարձությունների զարգացման նման սցենար իրենք կանխատեսում էին և ունեն նաև պահուստային տարբերակ։ Հարցին, թե Սեֆիլյանի ազատազրկման դեպքում ով է համակարգելու շարժումը, Հակոբյանը պատասխանեց, թե այդ մասին չի ցանկանում խոսել՝ առաջնորդին չթիրախավորելու համար։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ իշխանությունները փնտրում են թիրախներ: Եթե իրենց թվում է, որ թիրախներին այսօրվա՝ Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին կամ Վարուժանին ձերբակալելով՝ կարող են վիժեցնել շարժումը, պետք է հասկանալ, որ ժողովրդական շարժումը սովորաբար կախված չի լինում մեկ լիդերից: Մասնավորապես, մեր դեպքում մենք այնպիսի կառուցվածք էինք ընտրել, որ նման զարգացումների դեպքում չլիներ վիժեցնել շարժումը», - ընդգծեց Հակոբյանը:

Նրա խոսքով, իշխանափոխություն պահանջող շարժման բազմաթիվ աջակիցները հորդորում են հենց հիմա փողոց դուրս գալ և կտրուկ գործողությունների դիմել, իրենք, սակայն, դեռևս զսպում են նրանց։