Պուտինի «պատասխանատվությունը»՝ Բորիս Նեմցովի սպանությունից 40 օր անց

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության 40-րդ օրը Ռուսաստանի քաղաքացիները սպանության վայրում մոմեր են վառել և ծաղիկներ դրել:

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության 40-րդ օրվա կապակցությամբ այսօր քաղաքացիներն այցելում էին Նեմցովի սպանության վայր՝ հուշատեղի Կրեմլի մոտ, ծաղիկներ դնում, մոմեր վառում:

«Ավելի քան 10 տարի է՝ իշխանությունը փորձում էր ներշնչել, թե Նեմցովը ոչ ոք է, ոչ մի նշանակություն չունի նրա գործունեությունը երկրում, միջին վիճակագրական քաղաքացի է, բայց այն, ինչ տեղի ունեցավ նրա ողբերգական մահվանից հետո, ամեն ինչ դրեց իր տեղը», - ասաց քաղաքացիներից մեկը:

Մարդիկ հիշում էին, թե անցած շաբաթներին ինչպես էին իշխանամերձ շարժման ներկայացուցիչներն ավիրում հուշանկյունը: «Ազատության» հետ զրույցում հուշանկյան անվտանգությունն ապահովող քաղաքացիները պատմում էին, թե ինչպես են համախմբվել՝ այն վայրագություններից զերծ պահելու համար, և ինչպես մի քանի հոգանոց խումբը վերածվեց կանոնավոր հերթապահության՝ սպանության վայրում Նեմցովի հիշատակը պղծելու ոտնձգությունները կանխելու համար:

Քաղաքացիներն այսօր էլ պնդում էին, որ անհրաժեշտ է կամուրջը, որի մոտ տեղի է ունեցել սպանությունը, անվանել Նեմցովի անունով:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը դժգոհեց գործի քննությունից:

«40 օր անց չգիտենք ոչ միայն կատարողների, այլև սպանության պատվիրատուի անունը: Արդեն մեկ ամիս է անցել: Ես Պետական դումայի խոսնակից պատասխան չեմ ստացել կապված իմ և մյուս պատգամավորների մասնակցությամբ հետաքննության նպատակով խորհրդարանական հանձնաժողով ձևավորելու հետ:

Ըստ Գուդկովի՝ Նեմցովի սպանությունից հետո ամեն ինչ կփոխվի Ռուսաստանում․ - «Մենք արդեն ապրում ենք այլ երկում: Մենք պետք է հասկանանք՝ կամ վերածվում ենք Հյուսիսային Կորեայի նման երկրի, կամ մարդիկ պետք է անձամբ մասնակցեն երկիրը փոխելուն, ժողովրդավարություն հաստատելուն և Ռուսաստանն իրավական պետության վերածելուն»:

Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ «գործն իրականում 100 տոկոսով բացահայտվել է սպանությանը հաջորդած առաջին իսկ օրերին, սակայն, ցավոք, քաղաքական կամք չկա հայտարարելու, թե ով է սպանության պատվիրատուն»:

Բորիս Նեմցովի համախոհը՝ Իլյա Յաշինը, շարունակելով Գուդկովի միտքը, այսօր հայտարարեց, որ բացարձակ չկա կամք՝ սպանության բոլոր մասնակիցներին ձերբակալելու համար: Յաշինն անգամ հրապարակեց կոնկրետ անուն․ - «Խոսքը, մասնավորապես Ռուսլան Գերեմեևի մասին է»:

Իլյա Յաշինը, գնահատելով Նեմցովի սպանության գործում չեչենական դերակատարությունը, հայտարարեց. - «Չեչնիան դարձել է պետություն՝ պետության մեջ: Չեչնիան մաֆիոզ պետությունն է՝ Ռուսաստանի ներսում, որը չի ենթարկվում ռուսական օրենքներին և Կադիրովը, փաստի առջև է կանգնեցնում Ռուսաստանը՝ իրեն վեր դնելով օրենքից: Դրա պատասխանատուն, անկասկած, Վլադիմիր Պուտինն է»:

Նեմցովի հուշանկյուն այցելողների մի մասն էլ կարևոր չէր համարում հարցը, թե կոնկրետ ո՞ւմ հրամանով, ինչպե՞ս, ովքե՞ր են սպանություն կատարողները:

«Դրանք արդեն նրբություններ են», - բացատրում էր Նեմցովի ընկերներից մեկը: Նրա խոսքով՝ բացարձակ ակնհայտ է, որ ընդդիմադիր գործչին սպանել է Ռուսաստանի ներկա իշխանությունը: