Սերժ Սարգսյան․ ԵՏՄ-ում հեռանկարներ կան Հայաստանի համար

Your browser doesn’t support HTML5

«Ռոսիա 24»-ի հարցազրույցում Հայաստանի նախագահը շեշտել է, որ Եվրասիական միության գործունեությունը հիմնված է կողմերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է նախ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բացատրել է ռուս լրագրողին, թե ինչ է նշանակում անմոռուկը, պատմել է, որ աշխարհով մեկ անցկացվելու են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:

«Ռոսիա 24»-ի հաղորդավարը ընդգծել է, որ ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահը այցելելու է Հայաստան: Վլադիմիր Պուտինի սպասվող այցի մասին գոհունակությամբ խոսել է նաև Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Սարգսյանը հայտարարել է, որ այստեղ կան լավ հեռանկարներ փոքրիկ Հայաստանի համար, հակառակ դեպքում Հայաստանը չէր մասնակցի: Նա շեշտել է, որ Եվրասիական տնտեսական միության գործունեությունը հիմնված է թափանցիկ սկզբունքների և կողմերի ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա:

Սերժ Սարգսյանը ասել է նաև, որ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը ազդել է Հայաստանի վրա նաև, ու օրինակ է բերել տրանսֆերտները՝ նկատելով, որ դրանք ռուբլու արժեզրկման պատճառով կրկնակի նվազել են:

Հայ - ռուսական հարաբերությունների առնչությամբ նա շեշտել է, որ Հայաստանը միշտ էլ աջակցել է Ռուսաստանին միջազգային հարցերում: «Համենայն դեպս, մինչ օրս որևէ մեկը չի կարող օրինակ բերել, երբ մենք ձգտել ենք խուսափել մեր ուղղակի պարտավորությունների կատարումից», - ասել է Հայաստանի նախագահը:

Հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է ղարաբաղյան խնդրի մասին՝ նկատելով, մասնավորապես, որ այն սկզբունքները, որոնք շարադրված են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների վեց փաստաթղթերում, այն սկզբունքները, որոնց շուրջ արդեն 7 տարի է բանակցություններ են ընթանում, ընդունելի են, սակայն չի կարելի մի սկզբունքը վեր դասել մյուսից:

Հայաստանի նախագահը հայտարարել է նաև, որ իրավիճակը սահմանին սրում է Ադրբեջանը, և օրինակ է բերել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Մյունխենում:

Հարցազրույցի վերջում Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել է 314 հազար զինվոր, այսինքն՝ բնակչության 12 տոկոսը, և որ այդ պատերազմում հաղթանակը նաև Հայաստանինն է: