Խուզարկություններ, ձերբակալություն «Հիմնադիր խորհրդարան»-ում

Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարան»-ը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում ընդդիմադիր միավորման գրասենյակ են մուտք գործել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայացնելով շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:

«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխանցմամբ, ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և Ոստիկանության աշխատակիցներ, իրավապահները հրաժարվել են տրամադրել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ՝ արգելելով «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչներին մուտք գործել շենք:

Իրավապահների այլ խմբեր էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, խուզարկություններ են իրականացնում Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում:

Նույն աղբյուրից քիչ առաջ հաղորդեցին, որ ձերբակալվել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը:

«Հիմնադիր խորհրդարան»-ը մտադիր է ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ սկսել՝ իշխանափոխության պահանջով:

Տվյալ թեմայով մանրամասները՝ այսօր ավելի ուշ