Կինոգործիչները անհրաժեշտ են համարում կինոյի մասին օրենքի ընդունումը

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի, ռեժիսոր, դերասան Միքայել Պողոսյանի և դերասան Ալեքսանդր Խաչատրյանի համոզմամբ՝ այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտություն է դարձել կինոյի մասին օրենքի ընդունելը։ Նրանք, սակայն վստահ չեն, որ այդ օրենքն ի վերջ կընդունվի։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ մինչև այժմ այդպես էլ այդ օրենքը գոյություն չունի, կինոգործիչները պատասխանեցին, որ հիմնական պատճառը մշակույթի նկատմամբ անլուրջ վերաբերմունքն է։

«Այդ օրենքը չի ընդունվել այն պատճառով, որ ուղղակի լուրջ չեն վերաբերվել կինոյին, այդքան բան»,- նկատեց Ալեքսանդր Խաչատրյանը։

«Իրենց համար մշակույթը, կինոն երկրորդական է... ձեռի հետ, բայց բոլորը միշտ ամպագոռգոռ բաներ են ասում՝ մեր ազգի մշակույթը... ո՞ւր է»,- հարցնում է Միքայել Պողոսյանը։

Էդգար Բաղդասարյանը համամիտ է գործընկերների հետ, արդեն հաշտվել է այս իրավիճակի հետ, երբ կինոգործիչները տարիներով սպասում են, թե երբ գումար կլինի, որ ֆիլմ նկարահանեն։

«Հիմա մենք պիտի մտածենք վաղվա սերնդի մասին, որովհետև էս օրենքը իրենց է պետք, մենք գնալու ենք, ի՞նչ ենք թողնելու մեզնից հետո, խայտառակ ենք լինում։ Ես ունեմ ուսանողները թե Սլավոնական համալսարանում, թե Կինոյի պետական ինստիտուտում, փայլուն երեխաներ կան, էդ դաշտը իրենց համար է պետք է կայացնել առաջին հերթին»,- ասաց կինոռեժիսորը։

Իսկ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի համոզմամբ՝ կինոյի օրենք չունենք, որովհետև կինոմիջավայրը պասիվ է եղել.- «Հիմա նոր կապերը հաստատվել են տարբեր արտասահմանյան կառույցների հետ։ Այսօր դրա անհրաժեշտությունը կա, որովհետև մենք կանք բոլոր միջազգային կառույցներում, մասնակցում ենք բազմաթիվ փառատոների։ Որակի մասին դեռ չեմ խոսում, բայց քանակային առումով կինոն բավականին աճ ունի Հայաստանում»։

Կինոգործիչները դժգոհ են այսօր Հայաստանում ստեղծվող կինոյի որակից։ Նրանց համոզմամբ՝ կինոն մի խումբ մարդկանց թեթև ձեռքով ոչ միայն անհեթեթ, գռեհիկ սերիալների է վերածվել, այլև չափազանց ցածր մակարդակի վրա։

«Մեզ մոտ գերիշխում է անճաշակությունը։ Պետք է կինոյի ստրատեգիա լինի, որը մշակութային արժեքներն համազոր պիտի լինի»,- ասում էր Միքայել Պողոսյանը։

«Այս ճահճացած վիճակը, հանդիսատեսի դեգրադացիան երևի շատ մարդկանց է ձեռնտու, մենեջմենթի խնդիր է. խելացի մարդո՞ւն է հեշտ ղեկավարել, թե՝ բութ մարդուն»,- նշեց Էդգար Բաղդասարյանը։