Այսօր 36 հայ խաղաղապահներ մեկնել են Եվրոպա, որտեղ մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի կողմից կազմակերպվող Saber Junction 15 («Սուսերի հատում 15») ուսումնավարժանքին: Դրա նպատակն է դաշնակից ու գործընկեր պետությունների համատեղ ուժերի կազմում հանդես գալու համար նախապատրաստել բրիգադային մակարդակի մեկ զորամիավորում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ, վարժանքը կանցկացվի Գերմանիայում, Լիտվայում և Ռումինիայում և կավարտվի ապրիլի 30-ին: Saber Junction 15 վարժանքի շրջանակում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները նախապատրաստվում են հարձակողական, պաշտպանական և կայունացման գործողություններին և խթանում մասնակիցների փոխգործակցելիությունը:
«Saber Junction 15 վարժանքի մասնակցում են 17 պետությունների ավելի քան 5 հազար զինծառայողներ: Ուսումնավարժանքին մասնակցում են ՆԱՏՕ-ի դաշնակից պետություններ Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Թուրքիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մակեդոնիան, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները, Մոլդովան և Ռումինիան, ինչպես նաև «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններ Բոսնիան և Հերցոգովինան, Հայաստանը և Շվեդիան», - մասնավորապես ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Դեսպանատունը նշում է, որ հայ-ամերիկյան համատեղ այս վարժանքը նախատեսված է Հայաստանի պաշտպանության նախարարության և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով: