Չեխիայի նախագահը փակել է իր նստավայրի դռները ԱՄՆ դեսպանի առջև

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Չեխիայի նախագահ Միլոշ Զեման, արխիվ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը փակել է նախագահական պալատի դռները երկրում ԱՄՆ-ի դեսպանի առջև՝ իր Մոսկվա կատարելիք այցի վերաբերյալ մեկնաբանությունների պատճառով։

Դեսպան Էնդրյու Շապիրոն անցած շաբաթ չեխական հեռուստաընկերության եթերում ասել էր, որ խելամիտ չի լինի, եթե Չեխիայի նախագահը լինի միակ առաջնորդը, ով մասնակցելու է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում մայիսի 9-ին նախանշված տոնակատարություններին։

Միլոշ Զեմանը կայքերից մեկին ասել է, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է դեսպանը Չեխիայի նախագահին խորհուրդ տալ ուր ուղևորվել։

Արևմտյան մի շարք առաջնորդներ բոյկոտել են մայիսի 9-ի մոսկովյան տոնակատարությունները՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտությունում Մոսկվայի դերի պատճառով։

Չեխիայի նախագահն էլ, ընդհակառակը, քննադատել էր Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները։