«Պալաչը» չի բացառում, որ կարող է առաջադրվել Աբովյանում

Դեռ որևէ քաղաքական ուժ կամ թեկնածու չի հայտարարում Աբովյանի քաղաքապետի՝ մայիսին նախատեսված ընտրություններին մասնակցելու մասին։

Հիշեցնենք՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ։

Հանրապետական, Աբովյանում առավելապես «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը չի բացառում, որ կարող է առաջադրվել։

Երևան – Աբովյան երթուղին սպասարկող գծատերն ու «Աբովյան» հեռուստաընկերության սեփականատերը լրատվամիջոցների հետ զրույցում պնդել է, որ առաջադրվելու դեպքում անպայման կհաղթի։ Այսօր Արթուր Հարությունյանի հետ խոսել չհաջողվեց։ Նրա գրասենյակից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ հստակ որոշում Հարությունյանը կհայտնի երկուշաբթի, իսկ Ազգային ժողովի մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել մեր հարցին՝ Հարությունյանի առաջադրման համար Հանրապետականում որոշում կա՞, թե ոչ։

Նախորդ՝ 2012 թվականի քաղաքապետի ընտրություններում կրկին շրջանառվում էր Արթուր Հարությունյանի անունը, սակայն այն ժամանակ Հանրապետականը որոշեց թեկնածու չառաջադրել։ Արդեն շուրջ 10 տարի շարունակ Աբովյանում համապետական ու տեղական ինքնակառավարման բոլոր ընտրություններում հաղթող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո կարծես թե Աբովյանի քաղաքապետ ունենալու լուրջ հավակնություններ այս պահին չունի։ Կուսակցության նորընտիր քարտուղար Վահե էնֆիաջյանի փոխանցմամբ, այդ հարցով դեռ քննարկում չեն անցկացրել։

Առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնում նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի անկուսակցական եղբայրը։ Այսօր «Ազատության» հետ զրույցում Վարդան Մանուկյանն ասաց, որ ցանկությունը դեռ որոշում չի դարձրել, իսկ առաջադրվելու դեպքում մրցակիցներին հաղթելու հույսը Մանուկյանը կապում է ոչ թե ԲՀԿ-ի հնարավոր աջակցության, այլ ընտրողների՝ աբովյանցիների հետ։

«Ցանկություն միշտ է լինում է, երբ ժամանակը գա՝ կիմանաք», - մեզ հետ զրույցում ասաց նա, - «Իմ շանսերը՝ գնացեք Աբովյանում հարցրեք, կասեն»։

Աբովյանի ընտրություններում քաղաքապետի թեկնածու ունենալու մասին առայժմ չեն խոսում նաև ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը։

ՀՅԴ պատգամավոր Արծիվ Մինասյանն ասաց, որ ընտրություններին մասնակցության հարց Գերագույն մարմնում դեռ չեն քննարկել, բայց առաջիկա օրերին անպայման կհստակեցնեն իրենց քայլերը։

«Չնայած տեղական ինքնակառավարման մարմիններում առաջադրման հարցերի լուծումը մեր մարզային կոմիտեների իրավասության հարցն է, բայց նաև Գերագույն մարմնում էլ է քննարկվում, եթե նման ցանկություն մարզային կոմիտեն հայտնի։ Այս պահին չկա որևէ նման քննարկում։ Բնականաբար՝ հարցը կքննարկվի, բոլոր դեպքերում՝ տեսակետ կարտահայտվի», - նշեց Մինասյանը։