Բնապահպաններն ահազանգում են. Հայաստան ներմուծվող գենմոդիֆիկացված սնունդն անվտանգ չէ

Սուպերմարկետ՝ Երևանում, արխիվ

Բնապահպանները տարիներ շարունակ մտահոգություն են հայտնում Հայաստան ներկրվող գենետիկորեն ձևափոխվող սննդամթերքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ սահմանափակող կամ արգելող օրենք չկա և որևէ մեկը այսօր չի կարող վստահ լինել, թե ինչ է ուտում։

Գիտության առաջընթացը այսօր հնարավորություն է տալիս օրինակ ձկան գենը ներդնել պոմիդորի մեջ և ստանալ ցրտադիմացկուն պոմիդորի տեսակ, սակայն գիտնականները երկու մասի են բաժանվել, չկա միասնական կարծիք՝ արդյո՞ք գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները անվտանգ են մարդու կյանքի և առողջության համար։

Բնապահպաններ Կարինե Դանիելյանը, Հրանտ Սարգսյանն ու Գոհար Օգանեզովան պնդում են՝ քանի դեռ այդ տեսակի սննդի անվտանգության մասին հստակ ապացույցներ չկան, հակառակը՝ կան հետազոտություններ դրանց բացասական ազդեցության մասին, պետք է օրենքով արգելել դրանց ներկրումը Հայաստան։

«[Դա են ապացուցում] Փորձարկումները՝ առնետների վրա, մկների վրա. սերունդ չեն տալիս, քաղցկեղի խիստ աճ է գրանցվում։ Այդ փորձերը արդեն կան, որ ցույց են տալիս», - ասում է Կարինե Դանիելյանը։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչ Վահե Դանիելյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Հայաստանը ներկրում և իրացնում է գենմոդիֆիկացված սնունդ։ Օրենքով միայն պահանջվում է մակնիշում, եթե ձևափոխված օրգանիզմների պարունակությունը 0.9 տոկոսից ավելի է լինում։

«Իսկ եթե մենք խոսում ենք նրանից, որ մենք չենք իմանում, թե մենք ինչ ենք օգտագործում, դա բնավ այդպես չէ, որովհետև Հայաստանի Հանրապետություն մտնող ցանկացած սննդամթերք և պարենային հումք ենթարկվում է սահմանային պետական վերահսկողության», - ասում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչը։

Բնապահպանները, սակայն, ասում են, որ մակնիշումը հաճախ շատ մանր տառերով է և անհասկանալի սպառողի համար։

«Խոշորացույց պետք է տանեք, որ կարողանաք կարդալ։ Ես, օրինակ, գիտեմ, որ սոյայի 90 տոկոսը աշխարհում արտադրվող, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ է։ Ես աշխատում եմ չուտել այնպիսի բաներ, որի մեջ կա սոյա, որովհետև ես կասկածում եմ, որ Հայաստան կբերեն այն 10 տոկոսը, որը գենետիկորեն ձևափոխված չէ», - ասում է բնապահպան Հրանտ Սարգսյանը։

«Նույնն էլ կարելի է ասել եգիպտացորենի մասին», - հավելում է Կարինե Դանիելյանը՝ շարունակելով, - «Ես կասկածում եմ մեր լոլիկի մասին... մեր լոլիկը՝ փափուկ, համով, հիմա դառել է չոր...»։

Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը, մինչդեռ, հավաստիացնում է, որ մեր երկիր գենետիկորեն ձևափոխված սերմեր չեն ներմուծվում և հետևաբար բանջարեղենը գենմոդիֆիկացված օրգանիզմներ չի պարունակում։

Սակայն բնապահպանների կասկածները կիսում են նաև շարքային սպառողները։ «Ազատության» հետ զրույցներում նրանք դժգոհում էին տեղական բանջարեղենի համից ու հոտից։

Ի դեպ՝ Ազգային ժողովում արդեն երկրորդ տարին է, ինչ առաջինից երկրորդ ընթերցում չի անցնում այս ոլորտը կարգավորող օրենքը, որտեղ նշված է, որ Հայաստանը պետք է լինի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունից ազատ կամ կենսանվտանգ տարածք։