Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ համաժողովի շրջանակներում ավելի քան 250 մասնակիցներ Հայաստանից և Սփյուռքից հավաքվել էին քննարկելու, թե միջազգային ասպարեզում ինչպես կարելի է ամրապնդել Հայաստանի դիրքը։
GB Brand բրենդինգային գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Գալայջյանը ներկայացրեց 35 երկրներում կատարած հետազոտության արդյունքները, որոնց նպատակն էր պարզել՝ ինչ գիտեն աշխարհում Հայաստանի մասին։
«Արդյունքները, որ ստացվեցին, ինձ համար՝ որպես հայի, հիասթափեցնող են։ Հարցվածների մեծ մասը, ովքեր բիզնեսմեններ, զբոսաշրջիկներ ու ներդրողներ են, ոչինչ չգիտեն Հայաստանի մասին։ Ինձ համար այս ամենի մեջ դրականն այն է, որ մենք այս դեպքում կարող ենք մարդկանց տրամադրել ճիշտ տեղեկություն և վերացնել այն բացասական կարծիքը, թե երկիրը երկիր չէ: Մենք հնարավորություն ունենք փոխելու այս պատմությունը», - ասում է նա։
Վազգեն Գալաջյանի կարծիքով Հայաստանը կարելի է դարձնել կրթության երկիր՝ մանավանդ, եթե ունենք Թումո կենտրոնի, Դիլիջանի միջազգային դպրոցի, ԱՅԲ դպրոցի նման հաջող օրինակներ։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի կարծիքով էլ միջազգային ճանաչում ձեռք բերելու համար պետք է օգտագործել հայերի մրցակցային հատկանիշները։
«Մենք շատ արագ հարմարվում ենք։ Ես IT ոլորտն եմ ներկայացնում, մեր ինժեներները շատ արագ հարմարվում են նոր տեխնոլոգիաներին։ Տեխնոլոգիաները անընդհատ, ամեն վայրկյան փոխվում են և մի՛ կարծեք, որ հայերը գենետիկ ծրագրավորողներ են, կամ խելացի են այլ ազգերից, սուտ է, դրանք հեքիաթներ են։ Մենք ունենք մի հստակ ազգային մրցակցային առավելություն՝ դա շուտ յուրացնելու, հարմարվելու հատկությունն է, և Սփյուռքի պատմությունն է դրա ապացույցը», - ասում է նա։
Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի կարծիքով էլ Սփյուռքը և Հայաստանը համախմբվելու կարիք ունեն, իսկ դրա համար նախ պետք է փոխվի մտածելակերպը։
«Բոլոր ազգերը մտածում են այն հարցի շուրջ, թե ինչն է համախմբում ազգը: Սա թե՛ բազմազգ հասարակության, և թե´ փոքր երկրների խնդիրն է: Հայերին երկու բան է կապում՝ հպարտությունն ու վախը. մեծ հպարտությունը, որ հայ ենք և վախը՝ Ցեղասպանության հետ կապված: Մենք գոյատևելու եղանակի մեջ ենք, մինչդեռ գոյատևելուց պետք է անցնել հաջողելուն», - ասում է Վարդանյանը։
Հարցին, թե Հայաստանում ի՞նչը կցանկանար փոխված տեսնել 20 տարի հետո, հայտնի գործարարը պատասխանեց՝ կուզեր, որ ավելի բարձր լիներ կրթական մակարդակը և տեղում ավելի շատ լինեին մի քանի օտար լեզուների տիրապետող, հայտնի բուհերում կրթություն ստացած մարդիկ:
«Երկրորդ բանը, որ կուզեի փոխվեր՝ զոհի կերպարից դուրս գալն է։ Մենք միշտ մտածում ենք, որ վատ պատմություն ենք ունեցել, ճնշվածի դերում ենք եղել։ Այսպիսի մոտեցումը մեզ երբեք հաջողություն չի բերի։ Պետք է այս կաղապարից դուրս գալ, և ոչ թե հույս դնել մյուսների վրա, այլ հասկանալ, որ մենք ինքներս կարող ենք հաջողել», - ասում է հայտնի գործարարը։