Խարլխվող պատերն ու գարշահոտությունը արդեն անտանելի են դարձել Բանավան համայնքի բազմաբնակարան շենքի բնակիչների համար։ Արարատ քաղաքի ենթակայության տակ գտնվող այս շենքի նկուղն ամբողջությամբ լցված է կոյուղաջրով։ Բնակիչների խոսքով՝ այս պատկերն արդեն տասնամյակների պատմություն ունի։
Հուսահատ բնակիչները նշում են՝ թակել են բոլոր պատկան մարմինների դռները, պատասխանը մեկն է՝ գումար չունենք։ Բնակիչների բողոքն այսօր լսելու էր եկել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը։ Զայրացած բնակիչներին, սակայն, նա կրկին բյուջեի սղությունն էր մատնացույց անում։
«42 միլիոն մենակ էս տարի դրել եմ ասֆալտ անելու վրա։ Կանալիզացիան էլ՝ ինչ հնարավոր է անում ենք։ Ինձ ասա՛, էս փողը ես որտեղի՞ց վերցնեմ, տամ։ Բյուջեով ինչ հնարավոր է, անում եմ»,- բնակիչներից մեկի հարցին ի պատասխան ասաց քաղաքապետը։
Կոյուղաջրերով լցված շենքի հատկապես 1-ին հարկի բնակիչները նախընտրում են օրվա մեծ մասը տանը չանցկացնել։ Խոնավությունից բորբոսնած պատերը, առաստաղից հաճախակի թափվող ծեփերը գլխացավանք են դարձել են տիկին Անահիտի համար։
«Բա ես էսքան հիվանդություն որտեղի՞ց ունեմ։ Խոնավ օդի մեջ ապրել կլինի՞»,- ասում է նա։
Տարիներ շարունակ անարձագանք մնացած բողոքը տանտիրուհուն ստիպել է վաճառքի հանել բնակարանը, սակայն կրկին ապարդյուն, շենքին մոտ եկող գնորդը միանգամից հեռանում է։
Անահիտ Հոխիկյանի հարևան բնակարանում պատկերը գրեթե նույն է.- «Խոնավությունից բացի էս հոտն ենք շնչում»,- ասում է տանտիրուհին։
Քաղաքապետ Հայկյանը, սակայն, վստահեցնում է՝ նկուղում լցված ջուրը արտեզյան է։ Փաստելով, որ խնդիրն արդեն 40 տարվա պատմություն ունի, քաղաքապետն այսօր խոստացավ՝ վաղն առավոտյան մասնագետների խումբը կփորձի լուծումներ գտնել։
«Վաղը որ գան, դիտահորը պետք է փորեն, խողովակը խցանված է, արդեն 40 տարի էդ խողովակները չեն փոխարինվել»,- ասաց քաղաքապետը։
Մի քանի օր առաջ մասնագետների բնակիչները տեսել էին։ Կոմունալ ծառայության աշխատակիցները, սակայն, ինչպես նրանք էին նշում, աչքի տեղը ունքն էին հանել.- «Տվին տրուբեն ջարդին, պրծան»։
Քաղաքապետի չկատարված խոստումների դառը փորձ ունեցող բնակիչները վստահ են՝ իրենց խնդիրներն այս անգամ էլ անտեսված կմնան։