«Հիմնադիր խորհրդարան»-ը ապրիլի 24-ին բողոքի ակցիան կսկսի ոչ թե Ազատության հրապարակից, այլ Էրեբունի թանգարանի հարակից տարածքից, ինչպես քաղաքապետարանն է առաջարկել: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հայկ Գրիգորյանն ասում է, որ Ցեղասպանության հիշատակի միջոցառումները հաշվի առնելով՝ ընդունել են քաղաքապետարանի սահմանափակումը ապրիլի 24-ի համար, սակայն, չեն հասկանում, թե քաղաքային իշխանությունն ինչու չի արտոնել իրենց հանրահավաքները քաղաքի կենտրոնում ապրիլի 26-ին: Քաղաքապետարանը չի արտոնել, որ «Հիմնադիր խորհրդարան»-ը այդ օրը շուրջօրյա միջոցառում անցկացնի՝ առաջարկելով հստակ ժամեր՝ծայրամասային տարածքում:
Հայկ Գրիգորյանը պնդում է՝ այս սահմանափակումներով քաղաքապետարանը խախտել է հավաքների ազատության մասին օրենքը:
«Օրենքը ասում է, որ եթե դու հիմնավորված ձևով այլ վայր ես տալիս իրազեկումում նշված վայրից, ապա դու պետք է ապահովես միևնույն համայնքում, սակայն Կենտրոնում մեզ որևէ տարածք չեն տվել: Տրվել է Էրեբունիում, որը առավելագույնս կենտրոնից հեռու է: Ընդ որում, երթը նախատեսել էինք անել մինչև կենտրոնին առավելագույնս մոտ տարածքներ, սակայն դա էլ է կրճատվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
Քաղաքապետարանը, մինչդեռ, պնդում է, թե ամեն ինչ արվել է օրենքի սահմանում: Ըստ քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանի, ապրիլի 26-ին ևս քաղաքի մեծ ու փոքր կենտրոններում միջոցառումներ են նախատեսված, այդ պատճառով էլ «Հիմնադիր խորհրդարան»-ին կրկին հատկացվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքը՝ հանրահավաք ու երթ անցկացնելու համար:
«Եթե 22-25-ի հետ կապված եկել էինք համաձայնության, 26-ի հետ կապված համաձայնության չեկանք: Քաղաքապետարանի ներկայացուցիչը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի համաձայնություն չգալուց հետո առաջարկել իր տարբերակը և սահմանափակում մտցնել միջոցառման կազմակերպիչների հավաքի հետ կապված: Այսինքն, հավաքը կազմակերպվի այն տեղում, որն առաջարկում է քաղաքապետարանը, որն էլ արվել է», - ասաց Բաղդասարյանը:
Քաղաքապետարանի այս վարքագիծը հաստատում է, որ նրանք ունեն հստակ ցուցում՝ խոչընդոտել խաղաղ հավաքները, ասում է իշխանափոխություն պահանջող շարժման ներկայացուցիչը:
«Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը գործում է «Բաղրամյան 26-ի» ուղիղ ցուցումով և ունեն միակ նպատակ՝ հնարավորինս խանգարել խաղաղ հավաքի անցկացման համար», - ընդգծեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը:
Քաղաքապետի խորհրդականը, մինչդեռ, զարմանում է․- «Օրենքից չենք շեղվել, ի՞նչ միտումի մասին է խոսքը»:
«Հիմնադիր խորհրդարան»-ը պատրաստվում է բողոքարկել քաղաքապետարանի այս որոշումները:
Հիշեցնենք, որ ընդամենը երկու օր առաջ եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռ կայացրեց՝ հենց հավաքների ազատության իրավունքը ոտնահարելու գործով: Իրավապաշտպանները ստրասբուրգյան դատարան էին դիմել, երբ Երևանի քաղաքապետարանը 2008 թվականին արգելել էր մոմավառության խաղաղ երթ իրականացնել՝ ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի մահվան տարելիցին: