Պռոշյանի գյուղապետարանի առջև սպանված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից 2 տարի անց դեռ ձերբակալվածներ չկան: Գործով անցնող մեղադրյալը՝ Արայիկ Պետրոյանը, շուրջ 10 ամիս կալանավայրում անցկացնելուց հետո ազատ արձակվեց՝ նրա առնչությունը այս գործին չի հաստատվել:
Գյուղապետի կուսակից ընկերներն ու հարազատները պնդում են, որ քննչական մարմինը ձգձգում է գործի բացահայտումը:
Սպանված գյուղապետի կինն օրերս բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին․ - «Սա մարտահրավեր է ոչ միայն մեր ընտանիքի տոկունությանը, մեր ազգային անվտանգությանը, Հրաչի ընկերների, նրա գործին հավատացողների, պռոշյանցիների ու ամբողջ հասարակության ՀՀ արդարադատության հանդեպ վստահությանը, սա մարտահրավեր է նաև Ձեզ»:
Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մեկուկես ամիս առաջ հանդիպել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին, ով վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է․ - «Բայց դա բոլորն են վստահեցնում: Էս ամբողջ ընթացքում մենք փշուր-փշուր ինքներս ինչ հնարավոր եղել է, հավաքել և փոխանցել ենք քննչական մարմիններին, բայց առ այսօր որևէ ռեալ արդյուքն չունենք»:
Սպանված գյուղապետի այրին նախագահին ուղղված նամակում գրում է, որ ամուսնու սպանությունը կանխամտածված էր:
Աղվան Վարդանյանը շարունակելով՝ ընդգծում է, որ սպանությունը գուցե կանխվեր, եթե ոստիկանները ժամանակին համարժեք արձագանքեին նրա նկատմամբ հնչող սպառնալիքներին:
«Ամբողջ խնդիրն այն է, որ իր հանդեպ նախկինում էլ մահափորձ էր եղել, սպառնալիքներ էին հնչել, և կարծես թե, բավական նյութ կա ուսումնասիրելու: Այսօր գոյացել է մոտ 20 հատոր նախաքննական նյութ, բայց որևէ ռեալ արդյունք չկա և մենք դժգոհ ենք այս վիճակից», - ասաց Վարդանյանը:
Հարցին, թե ի՞նչ է փոխվել, որ Դաշնակցությունն այսօր արդեն նախկին վճռականությամբ չի պնդում, որ Մուրադյանի սպանությունը քաղաքական նկատառումներով է կատարվել, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց, թե պետք չէ խեղաթյուրել իրենց խոսքերը, ոչինչ չի փոխվել:
«Ուղղակի ամենաառաջին հայտարարությունը, որ Գերագույն մարմինը արել էր անմիջապես սպանությունից հետո, մանավանդ կար այդ մթնոլորտը գյուղում, կային նախկին մահափորձերը, սպառնալիքները, դրանից հետո նաև քաղաքական պրոցեսներ տեղի ունեցան գյուղում ընտրությունների հետ կապված, բնական էր էդ անմիջական արձագանքը: Դաշնակցությունը չի մտքափոխվում, այն ինչ –որ գրում են տարբեր ուղղորդողներ, դա իրենց պրոբլեմն է: Սա մեր ընդհանուր ցավն է, և մենք ամեն ինչ փորձելու ենք շարունակել անել և հետապնդել», - ասաց Աղվան Վարդանյանը:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար զարմանալի չէ, որ սպանությունից երկու տարի անց մեղավորները հայտնաբերված չեն: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, թե սա միակ այդպիսի դեպքը չէ․ - «Մեր երկրում, ցավոք սրտի, համատարած են էդ կարգի կրակոցները, սպանությունները: Կոնկրետ էս մի դեպքում գյուղապետի նկատմամբ տեղի է ունեցել սպանություն օրը ցերեկով, և մինչև այսօր, եթե համապատասխան մարմինները որևէ քայլ չեն կարողացել կատարել այդ ուղղությամբ կամ կատարած քայլերը եղել են թերի, որ հարազատները արդեն բաց նամակով դիմում են երկրի ղեկավարությանը, խոսում է այն մասին, որ էս մի գործն էլ պետք է դիտարկել բոլոր նման գործերի համատեքստում, որոնք, չգիտես ինչու, գրվել են չբացահայտվող գործերի ցուցակում»:
«Ցանկացած հանցագործություն, հատկապես ճչացող հանցագործություն, եթե չի բացվում, դա արդեն իրավապահ մարմինների համար մինուս է», - ասաց իրավապաշտպանը: