Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ Ռուսաստանի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը երեկ հստակ ուղերձ հղեց՝ Եվրոպայի կողմը նայելու դեպքում կպատժեն:
Արևմուտքի հասցեին բավական կոշտ արտահայտված ռուսաստանցի պաշտոնյան երեկ ասել էր, թե հակառուսական պատժամիջոցներից առավելապես տուժել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրեր ստորագրած Ուկրաինան և Մոլդովան: ԵՏՄ-ում, ըստ Նարիշկինի, պատժամիջոցների հարուցած դժվարությունները բարեհաջող հաղթահարվում են:
«Բարի գալուստ Եվրասիական տնտեսական միություն»․ ֊ «Ազատության» հետ զրույցում ասաց Արզումանյանը՝ շարունակելով․ - «Նա մեզ ուղղակի հասկացրեց՝ ում հետ և ինչի հետ մենք գործ ունենք: Նախորդ սպիկերներն էլ Գրիզլովն էր, որը մեզ ֆորպոստ էր անվանում և կարծում էր, որ դրանով սիրաշահում է մեզ: Դժվարանում եմ բառ գտնել, բայց լկտիության էլեմենտներ պարունակում էին բոլոր հայտարարությունները»:
Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով Նարիշկինի երեկվա ելույթին, ասաց, թե Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ կսրվեն քաղաքական հայտարարությունները․ - «Նա չի ասում, որ լավ է լինելու: Նա ասում է՝ եթե չմիանայիք, ավելի վատ էր լինելու: Դա իսկապես այդպես է: Ավելի վատ տարբերակներ ունի: Օրինակ, կարող է լինել այնպես, ինչպես Դոնեցկի մարզում, որովհետև Ռուսաստանը մնում է այդ ագրեսիվ ուժը: Նա ոչ թե ուզում է բարեկամներ ձեռք բերել համագործակցության ընթացքում, նա պարտադրում է իր սերը, իր բարեկամությունը՝ եթե այդպիսին է»:
Նարիշկինը երեկ պնդեց, թե ԵՏՄ-ն հայ ժողովրդի ընտրությունն է եղել: Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, Նարիշկինի հայտարարությունները հաստատեցին, որ ԵՏՄ-ին անդամակցելու համար Հայաստանի իշխանությունն անթաքույց շանտաժի է ենթարկվել․ - «Հաշվի առնելով վերջերս սկսված բանակցությունները Եվրամիության հետ, ինչը հավանաբար նույնպես խանդ է առաջացնում, մեզ նաև ասվեց, որ դա հայ ժողովրդի ընտրությունն է: Այսինքն Պետդումայում շատ ավելի լավ են պատկերացնում մեր ժողովրդի ցանկությունները, իղձերը, քան մենք՝ այստեղ ապրող նվաստներս»:
«Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից օգուտ չունի», - ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահը: ԵՏՄ-ն, նրա խոսքով, Հայաստանին պարտադրված էր․ կայուն քաղաքական համակարգ չունենալու պատճառով չէինք կարող խուսափել այդ միության անդամ դառնալուց․ - «Մենք կորուստներ ենք ունեցել շատ պարզ պատճառով՝ ինտեգրման վատթարացող համակարգի հետ ենք գնում․․․ Պետության դերը տնտեսության մեջ: Չեմ ուզում կոռուպցիայի, կաշառակերության մասին խոսել, որը աբսուրդի է հասնում: Այս մեր խղճուկ արարածները, որ գողանում են, սրանք մանրուքներ են: Գնացեք, տեսեք ռուսը ոնց է գողանում: Այնտեղ կոռուպցիոն ռիսկերը շատ֊շատ ավելի մեծ են, քան եվրոպական տնտեսական համակարգերում»:
Ասատրյանը չի հավատում եվրասիական տնտեսական ինտեգրմանը: Նրա կարծիքով, միությունը չի կայանա: Միասնական արժույթի անցնելու հարցը, օրինակ, որակում է «տնտեսական բովանդակություն չունեցող քաղաքական նախագիծ»․ - «Միասնական փող Եվրոպան տասնյակ անգամներ է ունեցել պատմության ընթացքում: Սկսած Հռոմեական կայսրությունից մինչև Նապոլեոն Բոնապարտ: Բայց այս ամեն ինչը ունենալով թիկունքում՝ եվրոն մտավ, էլի մտնելիս դժվարություններ եղան, եվրագոտու անդամ երկրները կորուստներ կրեցին»:
Եվրասիական միությունը, մի կողմից, Իրանի, արաբական աշխարհի, մյուս կողմից՝ Եվրամիության հետ կապելու Հայաստանի առաջարկը Ասատրյանի որակմամբ՝ իրականությունից հեռու ցանկություն է․ - «Հայաստանը կապ չունի․․․ Ոչ թե կամուրջ, այլ ցամաքային քիչ թե շատ նորմալ կապ չունի ԵՏՄ-ի հետ: Այդ ճանապարհը, որ մեզ միավորում է, այն էլ՝ Վրաստանի տարածքով․․․ դա ճանապարհ չէ, դա դժոխքի ճանապարհ է: Դա նեղ, լեռնային․․․ այնտեղ այցերն են անգամ դժգոհություններ ունենում»:
Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ ռուսները պետք է վերանայեն Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, քանի որ վտանգվում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը: Նախկին արտգործնախարարն այս հարցում տեսնում է նաև Հայաստանի իշխանությունների մեղքը, որոնք «վախվորած են» ռուս պաշտոնյաների հետ շփումներում․ - «Ոչ միայն վաճառվում է հարձակվողական զենք, որով սպանում են մեր երեխաներին, այլ նաև նորից, ի խախտումն բոլոր երկկողմ պայմանագրերի, թույլ չի տրվում, որ կիրառվի Հայաստանի օրենսդրությունը այն մարդասպանի նկատմամբ, որը գնդակահարեց անմեղ մի ընտանիքի: Պերմյակովի մասին է խոսքը: Նման գործելաոճով կամաց-կամաց բարձրանում են հակառուսական տրամադրությունները: Դա շատ վտանգավոր է՝ հաշվի առնելով, թե ինչ կարևորություն ենք տալիս թե՛ մենք, թե՛ Ռուսաստանը հայ-ռուսական հարաբերություններին»: