Երեկ կրած հերթական պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։
Իր հայտարարության մեջ նա նշել է, որ Հայաստան էր եկել՝ նպատակ ունենալով հաղթահարել Եվրոպայի առաջնության որակավորման փուլը․ - «Իմ պայմանագրում հստակ նշված էր, որ մենք պետք է հավաքենք որակավորման փուլը հաղթահարելու համար անհրաժեշտ միավորներ, հակառակ դեպքում ես պետք է լքեմ պաշտոնը: Հենց այդ պատճառով ինձ համար հիմա ամեն ինչ պարզ է: Այո, ես հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ ֆեդերացիայից, նախագահից կամ որևէ մեկից»։
«Ալբանիան 12 խաղացողներով խաղում էր 10-ի դեմ, եթե հաշվի առնենք ֆուտբոլասերների բուռն աջակցությունը», - խաղից հետո հայտարարել էր Բեռնար Շալանդը։ Հավաքականի երկրպագուները արդարացված են համարում նրա հրաժարականը:
«Երեկ ֆուտբոլի աստվածները մեր կողմից էին, իսկ մարզիչ Շալանդը՝ ոչ», - ասում է «Առաջին հայկական ճակատի» համահիմնադիր Էդգար Պետրոսյանը: - «Շատ ուշացած էին մեր մարզչի կողմից իրականացված փոփոխությունները։ Մենք վաղուց կարիք էինք զգում պաշտպանության և կիսապաշտպանության աջ եզրում, որտեղ գործում էր Համբարձումյանը, թարմություն մտցնելու։ Բացարձակ սխալ էր երկու ֆուտբոլիստների ներկայությունը հիմնական կազմում՝ Յուրա Մովսիսյանը և Էդգար Մանուչարյանը, որոնք իրենց ակտիվությամբ ի սկզբանե աչքի չընկան»։
«Մենք խաղում էինք 4 պաշտպանով և չորս կիսապաշտպանով, որը վատ դասավորվածություն չէ», - խաղից հետո նշել էր Հայաստանի հավաքականի մարզիչը՝ պնդելով, որ իր կատարած փոփոխություններն ուշացած չէին։
Ինչ վերաբերում է խաղային տակտիկային, ապա Շալանդը ասել էր, որ 0-1 հաշվից հետո պաշտպանողական մարտավարություն չէր ընտրել․ - «Հանդիպման առաջին րոպեներն էլ ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավասարը հավասարի պայքար մղել Ալբանիայի հավաքականի հետ: Եվ երբ հանդիպում են հավասար պոտենցիալ ունեցող երկու հավաքականներ, այստեղ արդեն շատ կարևոր է դառնում երկու մարզիչների մենամարտը։ Որ մարզիչը որ կատարեց ճիշտ ստրատեգիական լուծումներ, ճիշտ փոփոխություններ, ժամանակին փոփոխություններ, նա էլ այս դեպքում հասավ հաջողության»։
Հայ երկրպագուները ավտոբուսով 4 օր ճանապարհ են անցել իրենց հավաքականի կողքին լինելու և նրանց ոգևորելու համար, սակայն դաշտից հիասթափված էին հեռացել։ Խաղին Հայաստանում հետևած ֆուտբոլասերներից շատերը նույնպես տպավորված չէին։
Հայաստան - Ալբանիա խաղը շվեյցարացի մարզչի ղեկավարությամբ մեր թիմի արդեն 7-րդ պարտությունն էր։ Ալբանիայի հետ խաղում տարած պարտությունից հետո Հայաստանի հավաքականը գործնականում զրկվեց Եվրո - 2016-ի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից: