Ադրբեջանցի սամբիստը ներողություն է խնդրել Հայաստանի հիմնի ժամանակ կքանստելու համար

Մոսկվայում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի Հանրապետության հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը ներողություն է խնդրել իր պահվածքի համար, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

«Դա էթիկայի նորմերի խախտում էր, որը վատ դիտվեց նաև մրցաշարին ներկա ադրբեջանցի ղեկավարության կողմից: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը մոտեցավ և անձամբ ինձնից ներողություն խնդրեց` հավաստելով, որ իրենք աշխատանքներ կտանեն մարզիկի հետ: Պատվանդանից իջնելուց հետո ադրբեջանցի մարզիկը նույնպես մոտեցավ Աշոտ Դանիելյանին և ներողություն խնդրեց»,- մանրամասնել է Հայրապետյանը:

Հիշեցնենք՝ Մոսկվայում ավարտված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում հայ մարզիկները նվաճել են մեկ ոսկե, երեք բրոնզե մեդալ: Մրցաշարի վերջին օրը բրոնզե մեդալ է նվաճել 62 կգ քաշային Սամվել Բադալյանը: Վահե Օթարյանը և Արեն Անտոնյանը նույնպես հասել են նման հաջողության, համապատասխանաբար, 52 և 57 կգ քաշային կարգերում գրավելով երրորդ տեղը, իսկ ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 90 կգ քաշային կարգում դարձել է մրցաշարի հաղթող: