Տրայան Հրիսթեա․ «Մենք ունենք ընդհանուր հասկացողություն, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվելու»

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեայի բացառիկ հարցազրույցը «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:

«Ազատություն» - Պարոն դեսպան, բարի գալուստ մեր ստուդիա, շնորհակալություն հարցազրույցի համար: Եվրամիության և Հայաստանի միջև բանակցությունների, երկխոսության նոր փուլ է սկսվել, որը կարող է ի վերջո ավարտվել ինչ-որ համաձայնագրի կնքմամբ: Բացի այդ խոսակցություններ կան Հայաստանի և Եվրամիության միջև անցկացվող այսպես կոչված` «ոլորտների ճշգրտման վարժության» մասին, և ես փորձում եմ հասկանալ, թե դա իրենից ինչ է ներկայացնում: Այսինքն` խոսք է գնում համագործակցության ուղղությունների ճշգրտման մասին, այնպես չէ՞: Կարո՞ղ եք մի փոքր մեկնաբանել սա:

Հրիսթեա – Իրականում «ոլորտների ճշգրտման վարժությունն» ավարտված է, մեզ հաջողվեց այն վերջնական տեսքի բերել բոլորովին վերջերս: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում. դա վերաքննության պես մի բան է: Մենք մեր հայաստանցի գործընկերների հետ քննարկում ենք, թե ո՞ր ոլորտներում է հնարավոր համագործակցել, որոնց մասին կողմերը մտադիր են պայմանավորվածություններ ձեռք բերել և դրանք ամրագրել առաջիկայում բանակցվելիք և կնքվելիք համաձայնագրում: Պարզ ասած` սա լինելու է «ճաշացանկի» նման մի բան, կամ այն ամենի ցուցակ, ինչ մենք ներառելու ենք համաձայնագրում: Այսինքն` ի՞նչ ոլորտներում Հայաստանը կցանկանար տեսնել Եվրամիության ներգրավվածությունը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ճանապարհին:

«Ազատություն»․ - Այդ հարցը շարունակելով` դուք, օրինակ, տեսե՞լ եք ինչ-ինչ սահմանափակումներ, երբ փորձել եք Հայաստանի հետ քննարկել մարդու իրավունքների, ժողովրդավարության և նմանօրինակ զգայուն հարցերը, արդյո՞ք դժկամություն կամ դիմադրություն չեք զգացել Հայաստանի իշխանությունների կողմից, թե՞ նրանք ամբողջությամբ համաձայնել են համագործակցել այս ոլորտում:

Հրիսթեա. – Թույլ տվեք անկեղծ լինել և վերհիշել, թե ինչ տեղի ունեցավ Վիլնյուսում` Արևելյան գործընկերության գագաթաժողովում անցած տարի: Իրականում հենց հայկական կողմն է խնդրել, որպեսզի Եվրամիությունը շարունակի ներգրավվածությունը այն ոլորտներում, որոնք վերաբերում են օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարական հաստատություններին, մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին և քաղաքացիների ազատ տեղաշարժին: Այդ մասին համաձայնությունը արդեն իսկ ձեռք է բերվել անցած տարի` Վիլնյուսում:

Ինչ վերաբերում է սահմանափակումներին` հարցն այն է, թե ի՞նչ նոր պարտավորություններ է ստանձնել Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու գործընթացի շրջանակում: Եվ այդ տեսանկյունից` առևտրի, մասնավորապես` մաքսային ոլորտի և տեխնիկական չափանիշների հարցում, իհարկե, սահմանափակումներ լինելու են, որովհետև դրանք արդեն կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության կողմից: Սա չի կարող Հայաստան – ԵՄ համաձայնագրի մաս կազմել, մնացած ոլորտները` այո, ոչ մի սահմանափակում: Իհարկե, մեր Արևելյան գործընկերության հիմնական առանձնահատկություններից մեկը «քաջալերման քաղաքականության» իրականացումն էր, կամ այսպես կոչված` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը…

«Ազատություն»․ - Բայց այժմ դուք ունեք ոչ թե «ավելի ավելիի դիմաց», այլ «ավելին` ոչ մի բանի դիմաց», այնպես չէ՞…

Հրիսթեա․ – Ես չէի ցանկանա, հանդիսանալով դեսպան, մեկնաբանել դա: Կգերադասեմ գործածել ընդունված եզրույթները: Եվ այսպես` «քաջալերման քաղաքականությունը», որը նույնն է, թե` «ավելին ավելիի դիմաց», փորձում է քաջալերել այն երկրներին, որոնք ավելի շատ քայլեր են իրականացնում բարեփոխումների ուղղությամբ: Եվ քանի որ մենք Վիլնյուսում համաձայնություն ձեռք բերեցինք Հայաստանի իշխանությունների հետ, որ նրանք կշարունակեն բարեփոխումները, իսկ մեր ամեն տեսակի աջակցությունը և ֆինանսական միջոցները կուղղենք, որպեսզի աջակցենք այդ գործընթացին, կարելի է ասել, որ շատ բան չի փոխել, մեկ բացառությամբ` մենք վերանայելու ենք այն աջակցությունը, որը հարկ կլիներ տրամադրել, եթե ստորագրվեր Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը և անհրաժեշտ լիներ դրանից բխող բարեփոխումներ իրականացնել:

Իսկ քանի որ դա տեղի չունեցավ և այդ ոլորտը երկու կողմերի վերահսկողությունից դուրս է մնացել, դա, փաստորեն, չեղյալ է համարվում: Մյուս բոլոր պայմանավորվածությունները, որոնց շուրջ արդեն իսկ բանակցություններ ենք վարել, ուժի մեջ են մնում: Ավելին` անցած տարվա նոյեմբերին մենք հայկական կողմի հետ կնքեցինք այսպես կոչված` «աջակցության շրջանակ» կոչվող փաստաթուղթը, որը հնարավորություն է ստեղծում երկկողմ հարաբերությունների շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերել` հենց բարեփոխումներն առաջ մղելու համար:

«Ազատություն»․ - Դա բավական զգալի գումար էր կազմում, այնպես չէ՞:

Հրիսթեա․ – Այո: Ավելին` բնակչության մեկ շնչին հասնող աջակցության չափով այն երկրորդն է` Մոլդովայից հետո:

«Ազատություն»․ - Մեկ այլ հարցի անդրադառնանք: Եվրամիության հարևանության քաղաքականության վերաբերյալ զեկույցում դուք քննադատում եք Հայաստանի առաջընթացը կայուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում: Մասնավորապես, դուք նշել եք հավաքների ազատության սահմանափակման 17 դեպք, որոնց արդյունքում 72 ակտիվիստ է բերման ենթարկվել: Կարո՞ղ եք մանրամասնել ինչի մասին է խոսքը:

Հրիսթեա․ – Ես կցանկանայի նախևառաջ հստակեցնել, որ այս զեկույցը չի ներկայացնում հայաստանյան հասարակության ամբողջական պատկերը: Ոչ, սա միայն ներկայացնում է մեր կողմից միասնաբար համաձայնեցված պայմանավորվածությունների կատարման արձանագրումը Եվրամիության հետ հարաբերությունների գործողությունների ծրագրի շրջանակում: Ինչ վերաբերում է «սահմանափակ առաջընթաց» ձևակերպմանը` պետք է արձանագրենք, որ շատ ոլորտներում առաջընթաց կա` օրենսդրական նախաձեռնությունների, բարեփոխումների հայեցակարգերի նախապատրաստման գործում, սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ օրենքի ուժ չեն ստացել, կամ դրանց իրագործման հարցում խնդիրներ կան: Այլ կերպ ասած` քայլեր կատարվել են, սակայն դրանք, ասես, մնացել են կես ճանապարհին: Անհրաժեշտ է, որպեսզի դրանք հաստատվեն, ստանան օրենքի ուժ և կյանքի կոչվեն: Այնպես որ, առաջընթաց կա, բայց այն դեռ ավարտին չի հասցվել:

«Ազատություն»․ - Դուք զեկույցում նաև մտահոգիչ զարգացումներ եք արձանագրել` օրինակ, որ ոչ բոլոր երթերը, ցույցերն են թույլատրվել, և կամ` ինչպես զեկույցում նշվում է` 72 ակտիվիստներ են ձերբակալվել: Բացի այդ զեկույցում նշվում է նաև իրավապաշտպան ակտիվիստների նկատմամբ հարձակումների մասին: Ձեր կարծիքով, Հայաստանի իշխանությունները որևէ բան անո՞ւմ են այս մտահոգությունները փարատելու առումով:

Հրիսթեա․ – Իհարկե, մենք հասկանում ենք, որ այն բանից հետո, երբ նման հարձակում է արձանագրվում, դրան հետևում է որոշակի գործողությունների հաջորդականություն` նկատի ունեմ հանցագործների անձի բացահայտումը, հետաքննությունը, քրեական հետապնդումը և դատական գործընթացը: Մենք կցանկանայինք տեսնել, որ այս քայլերը հստակ կերպով իրագործվում են: Սակայն, ինչպես զեկույցում է նշվում, չափազանց շատ են դեպքերը, երբ այդ քայլերը դեռ ավարտին չեն հասցվել, և որոշ դեպքերում դա ձգձգվում է տարիներ շարունակ:

«Ազատություն»․ - Նկատի ունեք 2008-ի մարտյան իրադարձություննե՞րը:

Հրիսթեա․ – Այո, 2008-ին տեղի ունեցածը դրա օրինակներից է: Այնպես որ, մեր զեկույցում այդ առումով արված արձանագրումները կրկնվում են նաև նախորդ տարիների զեկույցներում․ 2008-ից մինչ օրս մենք խոսում ենք այս մասին և կցանկանայինք հստակ քայլեր տեսնել այդ ուղղությամբ:

«Ազատություն»․ - Մեկ այլ շատ կարևոր հարցի անդրադառնանք, որը, կարծում եմ, մտահոգում է նաև մեր տեղական քաղաքացիական ակտիվիստներին, հասարակական կազմակերպություններին, և որը հիշատակվում է նաև այս զեկույցում: Բանն այն է, որ Եվրադատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ կայացված 47 վճիռների ճնշող մեծամասնությունը ի կատար չի ածվել: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները անտեսում են Եվրադատարանի վճիռները:

Հրիսթեա․ – Չեմ կարծում, որ անտեսում են: Ի վերջո` Եվրադատարանի դատավորների թվում կա նաև Հայաստանի ներկայացուցիչը: Չեմ կարծում, որ գործ ունենք «անտեսման» հետ: Վճիռները պետք է ի կատար ածվեն, սակայն երբեմն դրանք իրականացնելու կարողություններ չկան, կամ դրանց իրագործումը կապված է որոշակի բյուրոկրատական ձգձգումների հետ և մարդիկ, ովքեր Հայաստանի դեմ դատը շահել են Եվրոպական դատարանում, շարունակում են սպասել վճռի կատարմանը:

«Ազատություն»․ - Որոշ դեպքերում գործ ունենք բավական մեծ գումարային փոխհատուցումների հետ, որոնք Հայաստանի իշխանությունները պետք է վճարեն: Գուցե բավական գումարնե՞ր չունեն: Դա հնարավոր համարո՞ւմ եք:

Հրիսթեա․ – Երբ ասում էի կարողություններ չկան, նաև դա նկատի ունեի:

Հրայր Թամրազյան, «Ազատություն»

«Ազատություն»․ - Զեկույցում նաև ասվում է, որ շատ խնդիրներ կան արդարադատության համակարգում` այն անկախ չէ և գործադիր իշխանությունները շարունակում են պահպանել դատավորների վրա ազդելու լծակները: Եվ նույնիսկ արդարադատության համակարգի բարեփոխման ռազմավարության իրականացումից հետո մտահոգություն կա, որ փոփոխությունները իրականում ամրապնդել են նախագահի դերը դատավորների նշանակման գործընթացում: Ինչպիսի՞ քայլեր են պահանջվում Հայաստանի իշխանություններից, Ձեր կարծիքով, որպեսզի լուծվի այս խնդիրը:

Հրիսթեա․ – Արդարադատության համակարգի վերաբերյալ զեկույցում նաև դրական գնահատականներ կան, որոնք կցանկանայի հիշատակել: Եվ ես չէի ուզենա ամեն ինչ միայն բացասական կամ միայն դրական գույներով ներկայացնել: Իրականում Եվրամիությունը բավական ջանքեր է գործադրել, մեծ աշխատանք է տարել մեր հայաստանյան գործընկերների հետ, անկախ և թափանցիկ արդարադատության համակարգ ձևավորելու հարցում: Որովհետև սա կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության առումով, այլ նաև կարևորագույն ոլորտներից է, որի մասին պայմանավորվածություն կա Եվրամիության «աջակցության ծրագրի շրջանակ» փաստաթղթում, որը ստորագրվել է անցած տարվա նոյեմբերին:

Սա, իհարկե, ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքների ոլորտին, բայց այն նաև կարևորագույն հրամայական է տնտեսական տեսանկյունից: Տնտեսական սուբյեկտները պետք է իմանան, որ այստեղ կա արդար դատական համակարգ, ինչը իր հերթին կարևոր դեր է խաղում ներդրումներ ներգրավելու և տնտեսական աճ ապահովելու համար: Օրենքի առաջ համահավասարության և դրա հետ փոխկապակցված մյուս բոլոր խնդիրները, որոնք արտացոլված են զեկույցում, մեր համագործակցության շրջանակի մաս են կազմում` արդարադատության համակարգում բարեփոխումներ իրականացնելու ոլորտում: Մենք նաև աջակցություն ենք ցուցաբերել արդարադատության համակարգի ինքնակառավարման, կամ պարտականությունների հստակեցման ուղղությամբ` այդ թվում դատավորների թեկնածությունների առաջադրման և նշանակման, գործող դատավորների աշխատանքի գնահատման և պաշտոնում առաջխաղացման հարցերում: Բայց, ինչ-որ առումով, ամեն ինչ չէ, որ արվում է այնպես, ինչպես նախատեսվում է օրենքով:

Իհարկե, սա ինչ-որ առումով շարունակական գործընթաց է և մարդիկ չեն կարող մեկ օրում հսկայական առաջընթաց արձանագրել: Որոշակի բարեփոխումներ փոխկապակցված են սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետ և ստիպված ենք սպասել այդ փոփոխություններին, որպեսզի հնարավոր դառնա իրագործել արդարադատության համակարգում նախատեսված այս կամ այն բարեփոխումը:

«Ազատություն»․ - Այստեղ խնդիր է նաև արդարադատության համակարգի նկատմամբ վստահության բացակայությունը: Հայաստանում բոլորը խոսում են այն մասին, որ այստեղ գործում է այսպես կոչված «հեռախոսային արդարադատությունը», երբ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են պարզապես վերցնել հեռախոսը և հրահանգել դատավորներին այս կամ այն որոշումը կայացնել: Այս պարագայում արդարադատությունը շատերի համար չի գործում: Դուք ինչ-որ մեխանիզմ առաջարկո՞ւմ եք այս խնդիրը լուծելու համար:

Հրիսթեա․ – Անկեղծ ասած, սա նույնպես այն խնդիրներից է, որը կարելի է տեսնել բոլոր անցումային երկրներում: Սա նորություն չէ, ոչ էլ միայն Հայաստանին բնորոշ երևույթ է: Հենց իմ երկրում էլ կա նման բան: Դա, կարելի է ասել, բնորոշ է նաև այն երկրներին, որոնք տոտալիտար համակարգից անցում են կատարել և դարձել են Եվրամիության անդամ, կամ այդ ճանապարհին են: Այստեղ, նախևառաջ, ժամանակ է անհրաժեշտ, հարկավոր են ռեսուրսներ, որպեսզի իսկապես հզորացվեն դատավորների ինքնակարգավորման մարմինները: Անհրաժեշտ է նաև մտածելակերպի փոփոխություն:

Մենք Հայաստանի հետ այս ուղղությամբ արդեն աշխատանք տարել ենք` իրագործելով աջակցության մի ծրագիր, որը փորձում է քայլ առ քայլ հաղթահարել այս կարգի խնդիրները և ես համոզված եմ, որ առայժմ մենք, Հայաստանի իշխանությունների հետ միասին, հաջողություններ ենք գրանցել: Ես հույս ունեմ, որ ապագայում ևս այս համագործակցությունը կշարունակվի, բայց ես նաև հասկանում եմ, որ մարդիկ անհամբեր են և ցանկանում են արագ արդյունքներ տեսնել: Եվ դա նույնպես հասկանալի է: Դա կարող է տեղի ունենալ ավելի ուշ կամ շուտ, սակայն այս պահին ամենակարևորն այն է, որ մենք առաջ շարժվենք` հիմնվելով այժմյան ձեռքբերումների վրա և շարունակենք գնալ ճիշտ ուղղությամբ, մի ուղղությամբ, որն ի վերջո կապահովի արդարադատության համակարգի անկախությունը և կբարձրացնի հասարակության վստահությունը դատական գործընթացի նկատմամբ:

«Ազատություն»․ - Դառնանք սահմանադրական բարեփոխումներին: Նախագահը և նրա կուսակցությունը առաջ են մղում այդ փոփոխությունները, սակայն Ձեր զեկույցում չի խոսվում այն մասին, որ նախագահը փորձում է փոխել կառավարման համակարգը` անցում կատարելով նախագահականից խորհրդարանականի: Զեկույցում մենք տեսնում ենք, որ Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունների իր գնահատականը, սակայն կառավարման համակարգի փոփոխման վերաբերյալ այստեղ ոչինչ չի ասվում: Կարո՞ղ եք մի փոքր պարզաբանել սա:

Հրիսթեա․ – Բանն այն է, որ կառավարման համակարգի փոփոխության հարցը ոչ մեզ է վերաբերում, ոչ էլ Վենետիկի հանձնաժողովին: Դա Հայաստանի ներքին գործն է, մի հարց, որի շուրջ պետք է որոշում կայացնի քաղաքական վերնախավը, և որի շուրջ պետք է լսել ժողովրդի կարծիքը:

«Ազատություն»․ - Այո, պարոն դեսպան, բայց այստեղ նաև նշվում է, որ հասարակությունը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունները, վստահություն չունեն այս սահմանադրական բարեփոխումների նկատմամբ: Նախագահն այժմ փորձում է գործընթացում ներգրավել կուսակցություններին, քննարկումներ կազմակերպել, բայց մենք նաև գիտենք, թե ինչ տեղի ունեցավ փոփոխություններին ընդդիմացող հիմնական կուսակցություններից մեկի հետ` այդ կուսակցությունը լուրջ փոփոխություններ է կրել այն բանից հետո, երբ նրանց առաջնորդը հեռացավ քաղաքականությունից: Ի՞նչ կարող եք ասել այս մասին, ընդդիմության դաշտում փոփոխություններ տեսնո՞ւմ եք: Ինչպես գիտեք` նրանք ակտիվորեն հանրահավաքներ էին կազմակերպում, և հանկարծ ամեն ինչ հանդարտվեց:

Հրիսթեա․ – Իհարկե, մենք կապի մեջ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ` Հանրապետականից սկսած, այդ թվում բոլոր խորհրդարանական ուժերի հետ և ոչ միայն: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ունի իր սեփական օրակարգը և ես չեմ պատրաստվում մեկնաբանել դա` դա կհակասեր դիվանագիտության կանոններին: Բայց մեկ բան հստակ է` սա գործընթաց է, և դա նշանակում է, որ այս ընթացքում կարծիքները կարող են փոխվել, և ամենակարևորն այն է, որ այս քննարկումները տարվեն ժողովրդավարության չափանիշներին համապատասխան և բոլորի կարծիքները լսվեն, իսկ մարդիկ հնարավորություն ստանան եզրակացություններ անելու:

«Ազատություն»․ - Խոսենք մամուլի անկախության մասին: Զեկույցում որոշակի մտահոգություններ են արտահայտված մամուլի անկախության և բազմակարծության վերաբերյալ: Ասվում է, որ հեռարձակվող լրատվամիջոցներում բազմակարծություն չկա, խնդիրներ կան նաև լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկության առումով: Խնդրում եմ` մեկնաբանեք սա: Դուք հայաստանյան լարտվամիջոցներում որևէ առաջընթաց տեսնո՞ւմ եք, կամ գուցե գործ ունենք ոչ թե առաջընթացի, այլ հետընթացի՞ հետ:

Տրայան Հրիոսթեա, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Հրիսթեա․ – Պետք է ասեմ, որ Եվրամիությունը բավական կառուցողական հարաբերություններ ունի լրատվամիջոցների հետ, անկախ այն բանից, թե հաղորդակցման ինչ ուղիների մասին է խոսքը: Իհարկե, ինչպես ցանկացած այլ երկրում, նորմալ է, երբ լրատվամիջոցները պատկանում են մարդկանց այս կամ այն խմբին: Նման բան, իրականում, ամեն տեղ էլ կա: Բայց դա թափանցիկ բնույթ է կրում, բոլորը գիտեն, թե որ լրատվամիջոցը ում է պատկանում և ինչու է այս կամ այն լրատվամիջոցը որոշակի կերպով լուսաբանում այս կամ այն իրադարձությունը: Եվ դա, ինչ-որ առումով, խոսքի ազատության դրսևորումներից մեկն է:

Միևնույն ժամանակ կուզենայի ասել, որ զեկույցում ներկայացված են գնահատականներ, որոնք նախապատրաստվել են այս ոլորտում մասնագիտացած կազմակերպությունների կողմից: Եվ պետք է նշեմ, որ զեկույցում միայն գնահատականներ չեն ներկայացված, այլ նաև առաջարկություններ, որոնք հաջորդում են յուրաքանչյուր բաժնում հրապարակված գնահատականներին;

«Ազատություն»․ - Այսպիսով` դուք կցանկանայիք տեսնել ավելի բաց, թափանցիկ հեռարձակող լրատվամիջոցներ:

Հրիսթեա․ – Այո, և ես ուրախ եմ, որ Հայաստանում, մասնավորապես, սոցցանցերը և ինտերնետային լրատվամիջոցները շատ բազմազան են և շատ ազատ:

«Ազատություն» -Դա Հայաստանյան լրատվամիջոցների ամենաուժեղ հատվածն է:

Հրիսթեա․ – Այո, անշուշտ:

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, ես կցանկանայի նաև խոսել տնտեսության մասին: Այն բանից հետո, երբ Հայաստանը մտավ ԵՏՄ, Ռուսաստանի տնտեսությունը սկսել է կտրուկ անկում ապրել: Վրաստանը, Մոլդովան` այն երկրները, որոնք ավելի մոտ են Եվրամիությանը` կնքելով Ասոցիացման համաձայնագրերը, այդքան չեն տուժել, որքան Հայաստանը: Արդյոք դա չի՞ նշանակում, որ Հայաստանը սխալ քայլ է կատարել ընտրելով Եվրասիական տնտեսական միությունը: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը:

Հրիսթեա․ – Չէի ասի, որ դա ճիշտ որոշում էր, կամ սխալ: Կասեմ միայն, որ դա սուվերեն որոշում էր, որը պետք է հարգել: Սա, իրականում հենց այն է, ինչ մենք անում ենք: Սակայն խոսենք այն մասին, թե մենք ինչ ենք առաջարկում Հայաստանին տնտեսական զարգացման առումով: Իմ կողմից արդեն հիշատակված Եվրամիության աջակցության շրջանակով ձեռք բերված պայմանավորվածությունների մի մասը, իրականում շատ կարևոր մասը, ուղղվելու է մասնավոր հատվածի զարգացմանը:

Իսկ դա նշանակում է, որ մենք աջակցելու ենք փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի կարգավորման շրջանակային օրենսդրության զարգացմանը, աջակցելու ենք սթարթափներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, հեռանկարային ուղղություններին, որտեղ հնարավոր է արագացնել տնտեսական աճը: Մենք ունենք մասնագիտական և կրթական վերապատրաստման ծրագրեր, որոնք այժմ մտնում են նոր փուլ և մենք կցանկանայինք տեսնել, որ մեր այդ ծրագրերի շրջանավարտները աշխատաշուկայում գտնում են իրենց տեղը:

«Ազատություն»․ - Այստեղ, Հայաստանում:

Հրիսթեա․ – Այստեղ, Հայաստանում: Մենք ուզում ենք համոզված լինել, որ նրանց ձեռք բերած մասնագիտական կարողությունները կիրառություն են գտնում հայաստանյան աշխատաշուկայում: Մեր աջակցության մեկ այլ շատ կարևոր բաղադրիչի մասին խոսեմ, որը կապված է ավելի վաղ մեր քննարկած թեմաների հետ: Դա այսպես կոչված` GSP+ ծրագիրն է: Սա մի ծրագիր է, որով այսպես ասած` «Ընդհանուր նախապատվություններ» են տրվում: Եվ Հայաստանի համար գործում դրա լրացուցիչ նախապատվությունների համակարգը` այսպես ասած` «Ընդհանուր նախապատվություններ»+, որի պարագայում Հայաստանին հատուկ արտոնություններ են տրվում, եթե երկիրը շարունակում զարգացնել կառավարման արդյունավետությունը, օրենքի գերիշխանությունը, ժողովրդավարական հաստատությունները:

Այլ կերպ ասած` իրականացնում է այն պարտավորությունները, որոնք ստանձնել է նախկինում իր կողմից ընդունված 27 միջազգային կոնվենցիաներով, և դրա դիմաց ստանում է բավական մեծ թվով ապրանքատեսակներ առանց մաքսատուրքերի Եվրամիություն արտահանելու արտոնություն: Խոսքը վերաբերում է բավական մեծ տեսականու, ինչը նշանակում է, որ հայկական ապրանքները Եվրամիության շուկայում մրցակցային առավելություն են ստանում, քանի որ դրանց դիմաց ներմուծման հարկեր չեն վճարվում:

«Ազատություն»․ - Եվ այդ արտոնությունները կտրվեն, եթե Հայաստանը իրականացնի կոնկրետ քայլե՞ր…

Հրիսթեա․ – Այդ արտոնություններն արդեն իսկ տրվել են Հայաստանին, այս պահին GSP+ համակարգը գործում է: Պարզապես մենք անցկացնելու ենք այսպես կոչված դիտարկում կամ վերանայում, և հերթական նման դիտարկումը տեղի կունենա շատ շուտով: Մենք դիտարկելու ենք վերոհիշյալ 27 միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը, այդ մասին քննարկումներ ենք անցկացնելու տարբեր հանձնաժողովներում` ոչ միայն Եվրահանձնաժողովում, այլ նաև Եվրոպական խորհրդարանի մասնագիտացած հանձնաժողովում և անդամ երկրների մակարդակում, ինչից կախված է GSP+ -ի ռեժիմի հետագա պահպանումը: Ահա թե ինչու կարևոր է, որ մարդու իրավունքների այդ ամբողջ զամբյուղը այստեղ գործի:

«Ազատություն»․ - Սա շատ կարևոր կետ է, պարոն դեսպան: Ես կցանկանայի պարզաբանել սա մեր լսարանի համար: Սա, փաստորեն, նշանակում է, որ եթե Հայաստանը իրագործում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները, որոնց մասին նշվեց…

Հրիսթեա․ – Այո, 27 միջազգային պայմանագրերով ստանձնած․․․

«Ազատություն»․ - Այո, և եթե Հայաստանն իրականացնում է այդ պարտավորությունները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, ապա որոշակի հայկական ապրանքատեսակներ կարող են արտահանվել Եվրոպական միություն առանց հարկեր վճարելու: Սա հսկայական արտոնություն է, այնպես չէ՞:

Հրիսթեա․ – Այո, հույս ունենք, որ այդպես է և հենց այդ պատճառով էլ իրականացնում ենք այդ ծրագիրը:

«Ազատություն»․ - Եվ դա այժմ գործո՞ւմ է:

Հրիսթեա․ – Այո, եթե չեմ սխալվում` արդեն երկրորդ տարին է, որ դա գործում էր: Հայաստանի պարտավորությունների կատարման մասին զեկույցը ներկայացվելու է Եվրոպական խորհրդարանում 2016 թվականի հունվարի 1-ին:

«Ազատություն»․ - Կներեք ընդհատելու համար: Փաստորեն, եթե, ասենք, քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները շարունակվեն, կամ նրանց դեմ բռնությունների գործով հետաքննությունը առաջ չի շարժվում, արդյո՞ք դա կազդի այս GSP+ արտոնությունների վրա, թե՞ ոչ:

Հրիսթեա․ – Այնքանով, որքանով դրանք մտնում են Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ` ըստ այդ 27 միջազգային պայմանագրերի, այո: Ես կցանկանայի նշել, որ, ծրագիրը կա` քանի դեռ շարունակվում է, օրինակ, խտրականության բացառումը, ընտանեկան բռնության դեմ պայքարը, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, կալանավայրերում վատ վերաբերմունքի, իրավապահների կողմից խոշտանգումների կիրառման բացառումը և նման այլ հարցեր, որոնք այս պարտավորությունների մեջ են մտնում: Եվ, որքան հասկանում եմ, Հայաստանում կա քաղաքական կամք այս ուղղությամբ առաջընթաց ապահովելու համար:

«Ազատություն»․ - Ապրանքների և ծառայությունների ի՞նչ քանակի մասին է խոսքը GSP+-ի դեպքում:

Հրիսթեա․ – Դա կարող է կազմել Հայաստանի կողմից արտահանվող ապրանքների մինչև 60 տոկոսը:

«Ազատություն»․ - Փաստորեն, չնայած այն բանին, որ Հայաստանը չստորագրեց Ասոցիացման համաձայնագիրը, Եվրամիության հետ որոշակի պայմանավորվածություններն պահպանվում են և այս նոր համաձայնագրով…

Հրիսթեա․ – Այո, մենք որպես մեկնակետ վերցնելու ենք Ասոցիացման համաձայնագիրը, վերցնելու ենք այն Գործողությունների ծրագիրը, որի գնահատմանն էլ հենց ուղղված է այս զեկույցը, և միակ բանը, որ մնում է հետագա առաջընթաց ապահովելու համար, դա բարեփոխումների շարունակականությունն է:

«Ազատություն»․ - Դառնանք Ռիգայի գագաթաժողովին: Եվրահանձնակատարի կողմից ներկայացված վերջին փաստաթուղթը ոմանք որակել են որպես Եվրամիության հարևանության քաղաքականության մեղմացում, որը հաշվի է առնում նաև Ռուսաստանի մտահոգությունները: Ի՞նչ կասեք այդ մասին, այս փաստաթուղթը իսկապե՞ս որոշակի մեղմացում է նշանակում:

Հրիսթեա․ – Անկեղծ ասած, սա Եվրամիության հարևանության քաղաքականության վերանայման առաջին դեպքը չէ: Այն վերանայվել է Արաբական գարնանից հետո, 2008-ի վրացական իրադարձությունների հետո, և այն վերանայվում է այժմ, քանի որ տեղի են ունենում տարբեր աշխարհքաղաքական փոփոխություններ և նորմալ է, որ վերանայվում է այս գործիքը` արձագանքելով այդ փոփոխություններին: Եվ կարևոր է այն փաստը, որ այս փոփոխությունները հրապարակայնացվում են, որովհետև մենք ցանկանում ենք հնարավորություն տալ շահագրգիռ կողմերին` մեր գործընկերներին, քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին, վերլուծական կենտրոններին և պարզապես հետաքրքրված քաղաքացիներին, տեսնել դա, հասկանալ, թե ինչ է կատարվում Եվամիության հարևանության ծրագրի, Արևելյան գործընկերության ծրագրի հետ:

Եվ այս փաստաթղթի հրապարակման արդյունքում մենք կցանկանայինք, որպեսզի քննարկումները կենտրոնանան մեր կողմից ներկայացված տարբերակման վրա: Խոսքը վերաբերում է ոչ միայն Արևելյան գործընկերության վեց երկրների և Եվրոպական հարևանության մաս կազմող մյուս` հարավային գործընկերների միջև տարբերակմանը, այլև հենց այդ տարածաշրջանային խմբերի մեջ հայտնված երկրների միջև տարբերություններին, որովհետև կան նաև այդպիսի տարբերություններ: Մենք նաև ցանկանում ենք, որպեսզի նոր փաստաթուղթը խրախուսի կողմերին պատասխանատվություն ստանձնել, գիտակցել, որ սա միացյալ ջանք է` ընդհանուր շահերի վրա հիմնված ընդհանուր ապագա կերտելու ուղղությամբ:

«Ազատություն»․ - Դառնանք Ռիգայի գագաթաժողովին: Ճի՞շտ ենք հասկանում, որ Ռիգայի գագաթաժողովի արդյունքում Եվրամիությունը մանդատ կստանա Հայաստանի հետ նոր բանակցություններ վարելու համար:

Հրիսթեա․ – Այն բանից հետո, երբ մենք վերջնական տեսքի բերեցինք «Ոլորտների ճշգրտման վարժության» արդյունքները, մենք հասել ենք մի փուլի, երբ Եվրահանձնաժողովը անդամ երկրների հաստատմանն է ներկայացնելու բանակցությունների մանդատը: Եթե այն պատրաստ լինի մինչև Ռիգա` շատ ավելի լավ: Ամեն դեպքում` Ռիգայի գագաթաժողովում անդրադարձ կլինի այն ձեռքբերմանը, որը մենք ունենք` այսինքն ընդհանուր հասկացողությանը, թե ինչ ուղղությամբ ենք առաջ շարժվելու:

Իսկ այն բանից հետո, երբ անդամ երկրները մեզ կտան բանակցություններ վարելու մանդատը, և ես ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ, որ այդ բանակցությունները երկար չեն տևելու, քանի որ իրականում մենք Վիլնյուսում արդեն համաձայնել ենք հնարավորինս օգտագործել Ասոցիացման համաձայնագրի շրջանակում բանակցված փաստաթուղթը: Եվ, հետևաբար, ես վստահ եմ, որ մանդատ ստանալուց հետո մենք շատ արագ առաջընթաց կարձանագրենք: Կարող եմ խոստանալ, որ մեր կողմից` Եվրահանձնաժողովի կողմից, տրամադրվածություն կա հնարավորինս արագ ավարտին հասցնել այս գործընթացը:

«Ազատություն»․ - Իսկ ինչպիսի՞ն է հայկական կողմից տրամադրվածությունը: Արդյո՞ք կա ավելի մեծ պատրաստակամություն` Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու, ավելի մերձենալու:

Հրիսթեա․ – Հույս ունեմ, որ դա այդպես է: Դրա ապացույցներից է, օրինակ, այն փաստը, որ Հայաստանում անցած շաբաթներին Եվրամիության հետ հարաբերությունների բավական կարևոր ցուցադրություն տեղի ունեցավ` անցկացվեց Եվրոնեսթի շատ կարևոր հանդիպում, այնուհետև Հայաստան այցելեց Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը` դա նրա առաջին այցն էր այստեղ: Եվ բոլոր այդ քննարկումների ընթացքում մենք տեսնում էինք, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են և ցանկանում են խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ մինչև իսկ Հայաստանի կողմից ստանձնած այս նոր միջազգային պարտավորությունների առումով:

«Ազատություն»․ - Այսինքն, հիմա գործ ունենք շոշափելի քայլերի, ոչ թե խորհրդանշական ժեստերի հե՞տ: Դա շատ նշանակալի զարգացում է:

Հրիսթեա․ – Դե` դա միայն հիմա չէ, որ այդպես է: Մենք միշտ էլ կոնկրետ քայլեր ենք անում:

«Ազատություն»․ - Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն դեսպան: