Թուրքիայի նախագահը France 24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միայն Անկարան է, որ դիմում է կառուցողական քայլերի:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին, ապա կարող եմ ասել, որ մինչ օրս հենց Թուրքիան է եղել դրական քայլեր ձեռնարկող կողմը», - անցած շաբաթավերջին France 24-ին տված մոտ կես ժամանոց բացառիկ հարցազրույցում ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին: - «Հայաստանը որևէ դրական քայլ չի ձեռնարկել: Մենք միշտ խաղաղ ցանկություններով պարզել ենք մեր ձեռքը, բայց այն մշտապես մնացել է օդում: Անցած տարի ապրիլի 23-ին ես հանդես եկա ուղերձով, որը բավական դրական արձագանքներ ունեցավ: Հայաստանից սակայն այդ ուղերձը որևէ դրական արձագանքի այդպես էլ չարժանացավ», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տոնակատարությունների օր ընտրվեց հենց ապրիլի 24-ը և արդյոք դա նպատակ չուներ որոշակիորեն խանգարել հայերի կողմից նախաձեռնված հիշատակի միջոցառումներին` Էրդողանը պատասխանել է․ - «Մենք չենք պատրատսվում հայերից թույլտվություն վերցնել այս կամ յան քայլին դիմելուց առաջ: Դա պատմական ամսաթիվ է, որը վերաբերում է Գալիպոլիի ցամաքային ճակատամարտի 100-րդ տարեդարձին: Որևէ կապ Հայաստանի կողմից նախաձեռնած միջոցառումների հետ դա չունի: Ավելին, հենց հայկական կողմն է իր միջոցառումները այնպես կազմակերպել, որ դրանք համընկնեն մեր օրերի հետ», - France 24-ին տված հարցազույցում պնդել է Էրդողանը:
Նկատենք, որ այս հարցում թուրքական իշխանական շրջանակներում հակասական տեսակետներ են հնչում: Նույն այն օրը, երբ Էրդողանը հարցազրույց էր տալիս ֆրանսիական հեռուստաընկերությանը, Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը բելգիական Գենտ քաղաքի համալսարանում կազմակերպված «Նոր Թուրքիա» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարում էր․ - «Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնակատարությունները ապրիլի 24-ին կազմակերպելու որոշումն այնքան էլ լավը չէր»:
«Բայց եթե այդ որոշումը սառնասրտորեն դիտարկենք, ապա հստակ է, որ այն կայացվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում»,- նշել է Ահմետ Դավութօղլուի հայազգի խորհրդականը՝ հստակեցնելով.- «Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նպատակ ունի իր կողմը գրավել Անատոլիայում բնակվող պահպանողական, ազգայնական ընտրողների քվեները»: