Երևանցիները պետք է նոր ջրաչափեր գնեն, եթե դրանցում թերություններ հայտնաբերվեն

Your browser doesn’t support HTML5

Այս լուրը մտահոգել է ջրի սպառողներին։

Երևանցիները այս օրերին ծանուցումներ են ստանում այն մասին, որ պետք է սեփական միջոցներով ապամոնտաժեն ջրաչափերը, ներկայացնեն վերաստուգաչափման, ապա վերակնքման։

Ընդ որում, եթե հաշվիչը թերություններ ունի, ապա հնարավոր է, որ բնակիչը ստիպված լինի հավելյալ գումար վճարել՝ նորոգման կամ նորը ձեռք բերելու համար։ Այս ամենը պետք է իրականացվի 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Ի տարբերություն գազի հաշվիչների, կառավարության որոշման համաձայն ջրաչափերը ձեռք են բերվում և տեղադրվում են բաժանորդների հաշվին և համարվում են նրանց սեփականությունը։ Շատերը, սակայն, այս որոշման հետ համաձայն չեն։

«Իմ սեփականությունն է, ես երբ ուզենամ, էն ժամանակ էլ կփոխեմ, թող գան իրենք ստուգեն, եթե ջրաչափի մեջ կգտնեն անսարքություն, ասենք, ինչ-որ ավելորդ բաներ ենք արել, որ ջուրը կանգնի, չմուծենք, այ էդ ժամանակ թող բռնեն տուգանեն, բայց եթե ջրաչափը նորմալ աշխատում է, ուրիշ բան չունե՞ն։ Ցանկություն ունեն ջրաչափ փոխելու, խնդրե՛մ, թող բերեն տեղադրեն, հինը տանեն իրենց»,- ասում էր երևանցի մի բնակիչ։

«Էնքան փող տվեցինք առանք, նորից փոխում են, ի՞նչն է պատճառը, ոչ մեկը չի բացատրում։ Մարդիկ հիմա փող չունեն ապրելու, հաց ուտելու, ո՞նց կարելի ա նման բան անել, բայց միևնույնն է, մեզ ոչ մեկ բանի տեղ չի դնելու»,- ասում էր մեկ այլ բնակիչ։

«Շատ լավ էլ աշխատում է, դրանք կոպեկով առել են, պիտի բերեն, դնեն ժողովրդի վզին»,- կարծիք հայտնել «Ազատության» մեկ այլ զրուցակից։

«Երևան ջուր» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Մուրադ Սարգսյանը տարօրինակ է համարում սպառողների բողոքը։ Նրա խոսքով՝ 2002 թվականից տեղադրված ջրաչափերի մեծ մասն այսօր այլևս օգտագործման համար պիտանի չէ։

«Եթե մեր հեռուստացույցը հին է կամ անսարք, մենք արտադրողից չենք պահանջում նորը, այլ մենք ենք գնում»,- ասաց նա։

Ջրաչափերը միջինը արժեն 5000-15 000 դրամ։ «Երևան ջուր» ընկերության ներկայացուցիչը նշում է, որ շատերին, այնուհանդերձ, իրենք տրամադրում են անվճար՝ որպես բարի կամքի դրսևորում։

«Տարեկան նվազագույնը Երևանի տասը փողոցում մենք մեր սուղ միջոցներից գտնում ենք հնարավորություն՝ կառուցելու նոր ջրագծեր և այդ ջրագծերից դեպի քաղաքացիների տները տանող միացումներ տալ։ Այնտեղ էլ կառուցում ենք բետոնե դիտահորեր, տեղադրում ենք զտիչ, փական և ջրաչափ։ Այս բոլորը մեկ բաժանորդի հաշվարկով ծախսում ենք 80-100 հազար դրամ։ Իհարկե, սա մի գումար է, որ մեզ համար շատ մեծ է, եթե հաշվի առնեն ջրի 170 դրամ սակագինը»,- ասաց Սարգսյանը։

Ջրի այս սակագինը, սակայն, կարող է բարձրանալ։ Փետրվարին «Երևան ջուրը» հայտ է ներկայացրել մեկ խորանարդ մետրի գինը 2.4 դրամով բարձրացնելու համար։ Մուրադ Սարգսյանը պնդում է՝ այս թանկացումը չնչին է և չի վնասելու սպառողի գրպանին։ «Հենց ջրաչափերի գործարկման և ջրի կորուստների դեմ պայքարի շնորհիվ է, որ գինը բարձրանում է ոչ թե 6.5, այլ 2.4 դրամով»,-ասում է նա։

«Ջրի վաճառքի կանոնավորման և ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ 2006 թվականի նկատմամբ մենք այսօր, չնայած նրան, որ «Նաիրիտ» գործարանը, որը ջրի խոշոր սպառողներից մեկն է, չի աշխատում, միևնույնն է, հասել ենք նրան, որ 5.5 միլիոն խորանարդ մետրով ջրի վաճառքը ավելացրել ենք։ Այ հենց էստեղ է խոսքը գնում ջրաչափերի ստուգման մասին, վերահսկման մասին, կողանցումներով ջուր սպառելու արգելելու մասին։ Անցած տարի մոտ 1500 ապօրինի ջրագիծ ենք մենք հայտնաբերել»,- ասաց «Երևան ջրի» ներկայացուցիչը։

Ապօրինի ջրօգտագործողների դեմ ընկերությունը դատական գործեր է սկսել։ Դատարան ստիպված կլինեն ներկայանալ նաև այն բնակիչները, ովքեր 15-օրյա ժամկետում չեն հասցնի ստուգել հին ջրաչափերն ու դրանք փոխարինել նորով։