Ռուբլու արժեզրկումը բացասաբար է ազդել հայաստանցի արտահանողների վրա

Your browser doesn’t support HTML5

Ռուսական ռուբլու արժեզրկումից հետո թանկացումները զսպելու՝ Ռուսաստանի իշխանությունների գործողությունները լուրջ վնաս են հասցրել հայաստանյան արտահանողներին, իսկ ռուսաստանյան շուկայի համար աշխատող հայկական փոքր ու միջին ձեռնարկությունները հայտնվել են սնանկացման եզրին:

Այսօր կայացած քննարկման ժամանակ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց՝ արտահանողներից շատերը դադարեցրել են Ռուսաստան ապրանքների առաքումը, քանի որ արժեզրկված ռուբլու և գրեթե չփոխված գների պայմաններում ստանում են շատ ավելի քիչ եկամուտ, կամ աշխատում են վնասով:

«Մի շարք պահածո արտադրողներ մինչև հիմա չեն արտահանում, դադարել են: Մի քանիսը հեռատեսորեն նույնիսկ սեպտեմբեր-հոկտեմբերից էին դադարեցրել», - ասաց Գագիկ Մակարյանը:

Գործատուների միության ուսումնասիրության համաձայն, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին մրգեր, բանջարեղեն, գինի, կոնյակ, պահածոներ արտահանող հայաստանյան 20 ընկերություններ կրել են մոտ 8 միլիոն դոլարի վնաս:

Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Ավիկ Գասպարյանը ընդգծեց՝ հայաստանյան ընկերությունները, այդ թվում՝ իրենցը, այսօր էլ շարունակում են վնասներ կրել և պարզ չէ՝ գործընթացը երբ կավարտվի:

Գործարարը հավելեց՝ ստեղծված իրավիճակում ակնկալում են, որ պետությունը նախևառաջ ձեռք կմեկնի գյուղացիներին:

«Գյուղացիներին գումարներ տրամադրել, սուբսիդիաներ անել: Ոչ թե անվճար, այլ իրենց աճեցրած բերքի դիմաց միգուցե, որովհետև հաստատ ասեմ, սկսած հունիսից, երբ մթերումները սկսի, շատ վատ է լինելու մթերումների վիճակը, որովհետև կանխիկ շրջանառու միջոցներ չեն լինելու ազատ, որովհետև բոլոր ձեռնարկություններն էլ վարկային պարտավորություններ ունեն, և ազատ շրջանառու միջոցներ չունենալը բերելու է մթերումների խիստ անկմանը, որն ազդելու է գյուղացիների վրա », - ասաց Ավիկ Գասպարյանը:

Քննարկմանը մասնակից այլ գործարարների՝ Շամբի պահածոների գործարանի ներկայացուցիչ Արայիկ Միքայելյանի և «Ալիշան» պահածոների գործարանի տնօրեն Սերժիկ Մովսիսյանի խոսքով, այս ամենի հետևանքով թե՛ ձեռնարկությունների, թե՛ գյուղացիների համար լուրջ խնդիր է դառնալու վարկերի մարումը, որոնք մեծամասամբ դոլարով են:

Էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկայի կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը խոստովանեց՝ իրավիճակը հիշեցնում է 2009 թվականի ճգնաժամը․ - «Երբ մեր տնտեսությունը հանդիպեց դժվարությունների, որոնք եկան արտահանման ոլորտում, ապրանքային շուկաները նվազեցին»:

Պաշտոնյան հայտարարեց՝ Ռուսաստանն իրականացնում է պրոտեկցիոնիզմի քաղաքականություն:

«Ազատության» հարցին՝ արդյոք նման քաղաքականություն իրականացնելով՝ Մոսկվան չի՞ խախտում Եվրասիական տնտեսական միության և Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորությունները, Գագիկ Քոչարյանն արձագանքեց․ - «Հիմնական սկզբունքը դա հավասար մոտեցումն է տեղական արտադրողին և ներմուծողին: Ասել, որ այստեղ խախտված են որոշակի կանոններ, ես մի քիչ ձեռնպահ կմնամ»:

Ի վերջո, ինչ է պատրաստվում անել կառավարությունը՝ օժանդակելու գործարարներին ու գյուղացիներին:

էկոնոմիկայի նախարարության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը այսպես արձագանքեց․- «Ներկայումս մենք ուսումնասիրում ենք և նաև նախատեսում ենք հենց համատեղ մասնավոր հատվածի հետ փորձենք քննարկումներ անել, որպեսզի հնարավոր լուծումներ գտնենք: առաջիկա օրերին մենք կարծում եմ որոշակի առաջարկություններ կփորձենք ձևավորել, որ ընկերություններին ինչ-որ ձևով մեղմել»: