Հայաստանի դեսպանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը անդրադարձել է մարտի 19-ի դիվերսիոն հարձակմանը

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 26-ին հանդես է եկել հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Կիրակոսյանն անդրադարձել է մարտի 19-ին Շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր ԼՂ Պաշտպանության բանակի չորս զինծառայող:

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով և կարծիք հայտնել, որ դրանով Ադրբեջանը ձգտում է խարխլել 1994թ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, խախտել ռազմական հավասարակշռությունը: Դեսպանը Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կոչ է արել ուշադրություն դարձնել այդ վտանգավոր զարգացման վրա: