Վարչապետների ակումբի հանդիպմանն առաջարկներ են ներկայացվել ՀՀ տնտեսության զարգացման վերաբերյալ

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության, 26-ը մարտի, 2015թ.

Հրանտ Բագրատյանի փոխանցմամբ՝ օրակարգ է հաստատվել։

Հինգշաբթի երեկոյան վարչապետների ակումբի հանդիպման ժամանակ առաջարկներ են ներկայացվել Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ, լրագրողներին հայտնեցին նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը և Խոսրով Հարությունյանը:

Ակումբի հանդիպումը տեղի է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ: Հանդիպմանը, բացի նշված անձանցից, մասնակցել են նաև Սահմանադրական դատարանի նախագահ, նախկին վարչապետ Գագիկ Հարությունյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Մոտ երկուսուկես ժամ տևած հանդիպումից հետո Խոսրով Հարությունյանն ու Վազգեն Մանուկյանը սակավախոս էին, լրագրողներին ասացին՝ ներկայացվել են մտքեր, առաջարկներ, երկրում ստեղծված տնտեսական իրավիճակի վերաբերյալ և հավելեցին՝ պայմանավորվել են քննարկման բովանադակության մասին լրատվամիջոցներին ոչինչ չհայտնել:

Հրանտ Բագրատյանը նշեց, թե օրակարգ է հաստատվել, մանրամասներ չասաց։

«Ազատության» հարցին, թե այս հանդիպումների նպատակը տնտեսության զարգացմանն ուղղված առաջարկնե՞րն են, Բագրատյանը պատասխանեց. - «Ստրատեգիական է՝ ո՞րն է պրոբլեմը, որտե՞ղ լուծենք, որ չպայթի, չգիտեմ, նոր բան չլինի»։

Խոսելով հանդիպմանը ներկայացված առաջարկներից, Բագրատյանը միայն նշեց, որ «խոսակցություն եղավ, ամեն մարդ մի բան ասաց»։

Հարցին, արդյո՞ք արդյունավետ էին հանդիպումները, Բագրատյանը դժվարացավ պատասխանել։ «Ես չեմ կարող ասել, դա արդյունավետության խնդիր չէ. ոնց որ գնաս տանդ ընթրիք անես ու ասես արդյունավետ էր, թե ոչ։ Չնայած՝ կոնկրետ մենք ընթրիք չենք արել, թեյ ենք խմել միայն», - ասաց Բագրատյանը։

Նախկին վարչապետը նշեց, որ նման հանդիպում արդեն երրորդ անգամ է հրավիրվում. - «Սա արդեն երրորդ անգամ է արվում, ով ինչքան ասել է, ասել եմ` լավ բան է՝ հավաքվել, խոսել։ Ահագին բան փոխանցվեց, այսինքն՝ խոսակցության ընթացքում զուլալվում է, թե որ քայլն է այնուամենայնիվ պրոբլեմ։ Սրանից ավել չեմ ուզում մանրամասնել»։

Հարցին, թե իշխանությունները գիտակցո՞ւմ են, հասկանո՞ւմ են, որ երկրի տնտեսությունը ճգնաժամի մեջ է, կամ երկիրը լուրջ խնդիրների առջև է կանգնած, Բագրատյանը պատասխանեց. - «Համենայն դեպս, հրավիրում են զրույցի՝ խոսենք այդ մասին և այլն։ Ես միշտ էլ և՛ Ազգային ժողովում, և՛ այստեղ, ինչ մտածում եմ, դա էլ ասում եմ»։

Առաջիկայում կայանալու է ակումբի հաջորդ հանդիպումը՝ օրը դեռ որոշված չէ, և այդ հանդիպումը, ի դեպ, կարող է հրավիրվել նախկին վարչապետներից մեկի նախաձեռնությամբ: