Իշխանությունները գաղտնի համաձայնություն են ունեցել «Գազպրոմ»-ի հետ

Your browser doesn’t support HTML5

Իշխանությունները գաղտնի համաձայնություն են ունեցել «Գազպրոմ»-ի հետ

Ազգային ժողովում ստեղծված գազի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից պարզ է դառնում, որ հարկատուներից և Ազգային ժողովից գաղտնի Հայաստանի իշխանությունները համաձայնել են, որ 2011-ից «Գազպրոմ»-ը թանկացնի մատակարարվող գազը:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ձևավորվել է մեկ տարի առաջ, երբ իշխանությունները անակնկալ հայտարարեցին, որ ռուսաստանյան «Գազպրոմ»-ին Հայաստանը պարտք է մոտ 300 միլիոն դոլար՝ 2011-ից հետո մատակարարված գազի դիմաց: Հետևանքը եղավ այն, որ 2013-ի դեկտեմբերին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի ժամանակ, կառավարությունը պարտքի դիմաց «Գազպրոմ»-ին հանձնեց «Հայռուսգազարդում» Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը:

Խորհրդարանում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով վերոհիշյալ հանձնաժողովի անդամ է, այսօր «Ազատությանը» հիշեցրեց՝ նույն այդ տարիներին Կառավարության ներկայացուցիչները խորհրդարանի ամբիոնից բազմիցս հավաստիացրել են, որ գազը չի թանկացել․ - «Տարիներ շարունակ դիմել եմ Կառավարությանը՝ ասելու թանկացում եղե՞լ է, թե՞ չէ: Իրենք ասել են՝ չի եղել, բանակցություններ գնում են, հետո կասենք․․․»

Զեկույցի համաձայն, 2011 թվականից սկսած յուրաքանչյուր տարի կնքվել են հայ-ռուսական համաձայնագրեր, որոնցով գազը շարունակաբար թանկացել է՝ հազար խորանարդ մետրի դիմաց 2011 ապրիլին 180 դոլարից դառնալով 210, 2012-ին՝ 240, 2013-ի ապրիլին՝ 270 դոլար:

Այս համաձայնագրերից և թանկացումներից անտեղյակ էին ոչ միայն սպառողները, այլև Ազգային ժողովը:

«Գաղտնի են պահել շատ պարզ պատճառով: Որովհետև գիտեին, որ հասարակության մեջ լուրջ ըմբոստացումներ կգնան, դժգոհություններ կգնան: Շատ լավ իրենք գիտակցում էին: Բայց այստեղ թաքցնում էին, Ռուսաստանում էլ խնդրում էին, որ՝ մի թանկացրեք, ամեն ինչ տեղը կտանք, բայց մի թանկացրեք: Եվ մյուս պատճառը: Եղել է ընտրությունների նախօրյակներին: Երկու ընտրության նախօրյակին գազի գնի թանկացում է տեղի ունեցել, և իրենք չեմ մատուցել դա, որովհետև դա խիստ բացասական ազդեցություն կունենար ընտրությունների ընթացքին», - նշեց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են Սահմանադրությունը, օրենքները, պետական պարտքը մեծացրել՝ Ռուսաստանի հետ գաղտնի պայմանավորվածությունների գնալով:

2006-2013 թվականների ընթացքում Ռուսաստանը գրեթե հինգ անգամ թանկացրել է Հաայստանին վաճառվող բնական գազը՝ հազար խորանարդ մետրի դիմաց գինը 56 դոլարից դարձնելով 270 դոլար:

2013-ի դեկտեմբերին հայ-ռուսական պայմանավորվածության արդյունքում, ռուսական գազի գինը Հայաստանի սահմանին նվազեց 30 տոկոսով և դարձավ 189 դոլար: Նույն ամսում Հայաստանի վարչապետը, նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարեցին, որ հաջորդ հինգ տարիներին այդ գինը չի աճելու:

Զեկույցը փաստում է, 2014-ի հունվարի 1-ի դրությամբ «Հայռուսգազարդ»-ի պարտքը «Գազպրոմ»-ին կազմել է 305.4 միլիոն դոլար, որից 23.8 միլիոնը՝ պարտքը ժամանակին չմարելու հետևանքով առաջացած տոկոսների գումարն է:

Գազի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր «Ազատությանն» ասաց, թե իր համար անհասկանալի է՝ եթե այդ պարտքը կուտակել է «Հայռուսգազարդ» ընկերությունը, ինչո՞ւ է այն մարել Հայաստանի Հանրապետությունը․ - «Ինչո՞ւ պետք է առևտրային, կոմերցիոն ձեռնարկության պարտքի պատճառով Հայասանի Հանրապետությունը վճարի: Հատկապես, որ այս ամբողջ տարիների ընթացքում այդ 20 տոկոսի դիմաց Հայաստանի Հանրապետության բյուջեն որևէ դիվիդենտ չի ստացել: Շահաբաժին չի ստացել»:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից այսօր փորձեցինք պարզաբանում ստանալ, թե այնուամենայնիվ, իշխանությունները ինչու էին գաղտնի պահում գազի թանկացումը: Նախարարը, սակայն, անդրդվելի էր․ - «Ես ոչ մի հարցի հիմա չեմ պատասխանի»: