ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները կոչ են արել ավելացնել ՀՀ-ին և ԼՂ-ին տրամադրվող օգնությունը

Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունի

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում քննարկվել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության չափը:

Միացյալ Նահանգների հայկական երկու խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները վկայություն տվեցին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովում: Ինչպես Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին, այնպես էլ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարման հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը կոչ արեցին կոնգրեսականներին ավելացնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանին 40 միլիոն դոլար հատկացնել, որը կարևոր օգնություն է շրջափակման մեջ գտնվող երկրի համար»:

Արդունիի խոսքով, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի լույսի ներքո՝ Հայաստանի դերը Միացյալ Նահանգների համար ավելի է մեծանում: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն իր հերթին հիշեցրեց, որ Երևանն ակտիվ մասնակցություն ունի ԱՄՆ-ի բազմաթիվ ծրագրերում։

«Հայաստանը աշխարհի ռազմավարական կարևորագույն տարածաշրջանում գտնվող լուրջ գործընկեր է, որը շարունակաբար աջակցել է ամերիկյան գործողություններին՝ խաղաղարարներ ուղարկելով Աֆղանստան, Իրաք և Կոսովո և համագործակցել ԱՄՆ-ի հետ անվտանգության խնդիրների լայն շրջանակով»:

Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները հիշեցրեցին նաև, որ չնայած դժվարություններին և շրջափակմանը՝ Հայաստանը բարձր ցուցանիշներ է գրանցել գործարար միջավայրի ստեղծման և բարեփոխումների իրականացման ոլորտում: Բացի այդ, 2014-ին Հայաստանը մեծ թվով փախստականներ է ընդունել Սիրիայից և օգնության կարիք ունի՝ սիրիահայերին պատշաճ աջակցություն տրամադրելու գործում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնությանը` Քեյթ Նահապետյանը կոչ արեց այդ նպատակով 5 միլիոն դոլար տրամադրել։ Նա հիշեցրեց.- «Շատերի կարծիքով, հենց Ղարաբաղի ժողովուրդը ներդրում ունեցավ Սովետական Միության փլուզման մեջ, հենց նրանց խաղաղ պայքարը ոգեշնչեց մյուսներին սեփական ինքնորոշման համար պայքար մղել»:

Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչը նույնպես խնդրեց Ղարաբաղին 5 միլիոն դոլարի օգնություն հատկացնել, հիշեցնելով, որ այդ օգնության կարիքն իրականում զգացվում է.- «Ղարաբաղին հատկացվելիք 5 միլիոն դոլարը մեծ գումար չէ, սակայն այն թույլ կտա լուրջ դրական փոփոխություններ իրականացնել՝ այդ թվում ականազերծման աշխատանքներ, և ջրի մաքրման կայանների տեղադրում»,- ասաց Արդունին։

Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները հիշեցրեցին նաև երկկողմ սերտ հարաբերությունների երկարատև պատմության մասին։

«Հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն դարերի պատմություն և սկսվել են դեռ 17-րդ դարի սկզբին, երբ մի խումբ հայեր այստեղ են տեղափոխվեցին: Այն օրերից ի վեր Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերություններն անընդհատ զարգացել են»:

ԱՄՆ-ի արտաքին հատկացումների քննարկումները դեռ երկար կշարունակվեն, անցնելով տարբեր ենթահանձնաժողովներ ու հանձնաժողովներ: Սովորաբար, օրենսդիրներն ավելացնում են գործադիրի կողմից Հայաստանին հատկացվող գումարը: