Օրերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Արթուր Շահնազարյանի «Կոմիտաս» ծավալուն գրքի շնորհանդեսը:
Գիրքը պետական պատվերում լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:
Միջոցառման ընթացքում հնչում էր Կոմիտասի երաժշտությունը Երևանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ:
«Կոմիտաս երևույթը», - գրում է անվանի կոմիտասագետ Արթուր Շանհազարյանը, - «միայն մեր երաժշտությունը չէ․ մեր բնաշխարհն է, մեր պատմությունը, մեր հազարամյակների մշակույթը՝ արտահայտված երաժշտության լեզվով»:
Գրքում հեղինակը փորձել է ներկայացնել Կոմիտասի և իր ժողովրդի ընհանրական կերպարը՝ Կոմիտասի կյանքն ու գործը միահյուսելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, հոգեբանությանն ու կենսափիլիսոփայությանը:
«Կարող եմ ասել, որ Արթուր Շահնազարյանը պատահական անուն չէ: Մանավանդ Կոմիտասի կապակցությամբ հայտնի են նրա մի շարք աշխատություններ, հատկապես խազագիտության ոլորտում արված գործեր: Անշուշտ, Կոմիտասին ողն ու ծուծով իմացող մեկն է: Կարծում եմ, որ աշխատանքը արժանի աշխատանք է: Հիմնական գնահատականը կտա ընթերցողը», - ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահ, անվանի մեկ այլ կոմիտասագետ Մհեր Նավոյանը:
Շահնազարյանի այս նոր աշխատանքը թեև ծավալուն, բայց գիտահանրամատչելի է: Նավոյանն ասաց, որ սա առաջին հանրամատչելի գիրքը չէ Կոմիտասի մասին․ - «Որովհետև Կոմիտասի վերաբերյալ կան և գեղարվեստական ստեղծագործություններ․ նույն «Անլռելի զանգակատունը», դրանից առաջ Չարենցի «Ռեքվիեմը» կա: Դրան զուգահեռ նաև արձակ վեպեր կան․․․ Բայց Շահնազարյանի գիրքը իր տեսակի մեջ երևի թե առաջինն է, որ գիտական տեղեկույթը համեմված է գեղարվեստական դատողություններով, գեղարվեստական շարադրանքով: Այսօր աշխարհում առհասարակ այդպիսի միտում կա՝ գիտությունը հանրամատչելի դարձնել: Արևմուտքում նույն ճշգրիտ գիտության բարդագույն ոլորտներ՝ ատոմային ֆիզիկայի կամ քվանտային մեխանիկայի, ձգտում են առավել հանրամատչելիացնել: Ուր մնաց թե Կոմիտասը, որ մի ամբողջ ազգի սեփականությունն է: Երևի թե կարիք ունեինք մենք գիտական դաշտից հանելու ու բոլորինս դարձնելու՝ առավել մատչելի լեզվով»: