Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը թույլատրել է Ելիզաբեթ թագուհու ավագ որդու՝ արքայազն Չարլզի՝ երկրի կառավարությանն ուղղված նամակների սկանդալային հրապարակումը: Փորձագետների կարծիքով, չի բացառվում, որ սա վտանգի բրիտանական գահին Չարլզի հավակնությունները՝ հարցականի տակ դնելով նրա քաղաքական անաչառությունը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, խոսքը 2004-2005 թվականների նամակագրության մասին է, որի հենց միայն գոյությունը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում: Քանի որ Բրիտանիայի միապետը երկիրը գլխավորում է միայն ձևականաորեն․ թագավորական ընտանիքի անդամները իրավունք չունեն միջամտելու երկրի քաղաքականությանը:
The Guardian պարբերականը, ձգտելով պարզել, թե ինչի մասին և ինչպես է գրել նախարարներին արքայազնը, 2005 թվականին առաջինը պահանջեց տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն հրապարակել 27 ուղերձները: Այդ օրվանից էլ սկսվել է իրավաբանական վեճը, թե արդյոք պետք է հրապարակել նամակագրությունը:
Եվ ահա Գերագույն դատարանը հրապարակել է իր որոշումը, որն, ըստ էության, The Guardian-ի պահանջի օգտին է: Այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ երբ կհրապարակվեն նամակները: