Կործանված ինքնաթիռի սև արկղերից մեկը վնասված է

Your browser doesn’t support HTML5

Երկրորդ սև արկղը դեռևս չեն հայտնաբերել:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազենյովն այսօր հայտարարել է, որ երեկ վթարից կործանված A 320 ինքնաթիռի սև արկղերից մեկը վնասվել է:

«Չնայած սև արկղը վնասված է, բայց հնարավոր է որոշ տեղեկություններ վերականգնել», - հայտարարելէ Կազենյովը։

Երեկ առավոտյան Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող A 320 ինքնաթիռի մեջ եղել է 150 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ։ Զոհերից 67-ը Գերմանիայի քաղաքացի է, նրանցից 16-ը՝ դպրոցական, զոհերից 45-ը Իսպանիայի քաղաքացի է:

Իսպանիան հայտարարել է եռօրյա սուգ: Այսօր կեսօրին Իսպանիայում մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

Զոհերից 3-ը Ղազախստանի քաղաքացի է, նրանցից մեկը հայտնի օպերային երգիչ Օլեգ Բրիջակն է:

Ֆրանսիայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ինքնաթիռի վթարի վայրից՝ լեռնապատ տարածքից, զոհերի մարմինները հնարավոր կլինի դուրս բերել մի քանի օրում: Անկման վայր հնարավոր է հասնել միայն օդային ճանապարհով: Դեպքի վայրում աշխատում են որոնողափրկարարական ջոկատները:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով, աղետի կապակցությամբ հարուցված քրեական գործով համապատասխան մարմինները տարբեր վարկածներ են ստուգում: Նախարարը հավելել է, որ ահաբեկչության վարկած չեն քննում, քանի որ ահաբեկչության նշաններ չկան:

Ավիաուղին սպասարկողGermanwings ընկերությունը պնդում է, որ ինքնաթիռի անձնակազմը շատ փորձառու է, անձնակազմի հրամանատարն ունեցել է ավելի քան 10 տարվա հաջող աշխատանքային փորձառություն: Germanwings –ը հանրահայտ Lufthansa ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Germanwings-ի պատասխանատուները ավիավթարը բնորոշել են որպես դժբախտ պատահար: Կոչ են արել հորինած ու անհիմն վարկածներ չհրապարակել՝ նախքան փաստերի վրա հիմնված քննիչների եզրակացությունը:

Դյուսելդորֆի դատախազությունը շարունակում է քննությունը: Դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերմանացի իրավապահները սերտորեն են աշխատում ֆրանսիացի գործընկերների հետ՝ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով: Դեպքի վայրում աշխատել են նաև գերմանացի փորձագետները: Նրանք հավաստիացրել են, որ տեղազննության արձանագրությունը քննչական մարմնին կտրամադրեն մեկ շաբաթից:

Մարսելի դատախազությունը հարցաքննում է վկաներին: Գործի քննությունը համակարգում է ավիափոխադրումների անվտանգության գործակալության քննչական խումբը:

Երեկ առավոտյան Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորված ինքնաթիռի կործանումից հետո զոհվածների գործընկերները հրաժարվել են շարունակել աշխատանքը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռաջոյն ինքնաթիռի անկման վայրից ոչ հեռու հանդիպել ենտեղում աշխատող ուժայիններին, փրկարարներին: